ԵՊՀ քաղաքականության և մշակութային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով երկխոսությանը զուգահեռ իշխանության ներկայացուցիչների այնպիսի հայտարարություններին, որոնք կարող են ընդհանրապես խաթարել գործընթացը, մասնավորապես Գալուստ Սահակյանի երեկվա ասուլիսին արած հայտարարություններին, ասաց.
«Գ.Սահակյանը, հավանաբար, իր լիազորություններից դուրս է եկել, որովհետև եթե երկխոսությունը շարունակվում է, առավել ևս եթե այն ավելի ինտենսիվ է դառնում՝ շաբաթական երկու անգամ հանդիպումներ, ապա նման հայտարարությունները, կարծում եմ, այնքան էլ չեն համապատասխանում այն գծին, որն այսօր իշխանությունները որդեգրել են»:
Այնուհետև Դ.Հովհաննիսյանը հավելեց. «Բնականաբար, այդտեղ սադրանքի որոշակի փորձ կարելի է նկատել, ինչը չեմ կարծում, թե որևէ լուրջ նշանակություն կունենա այն իրավիճակի համար, որը ներկայումս ձևավորվել է։ Իրավիճակն այնպիսին չէ, որ նման հայտարարությունները ինչ-որ բան խաթարեն»։
Դ.Հովհաննիսյանի խոսքով, այդ հայտարարությունները դիրքորոշման ամրության տպավորություն ստեղծելու համար են։









































