Ուրբաթ օրը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ձերբակալությունից հետո Լվով քաղաքում ստեղծվել է դիկտատուրային դիմադրության կոմիտե: Արևմտյան շրջաններում Տիմոշենկոն ավանդաբար մեծ աջակցություն ունի, այդ պատճառով պատահական չէ, որ այս կոմիտեն ստեղծվում է հենց Լվովում: Այս մասին հաղորդում է УНИАН ուկրաինական լրատվական գործակալությունը:
«Կոմիտեի կազմի մեջ են մտել հասարակական կազմակերպությունների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Նախաձեռնող խումբը հաստատել է առաջնային գործողությունների կարգը, մասնավորաբար՝ տարածաշրջանի բնակիչներին ընթացիկ քաղաքական իրավիճակի հետ ծանոթացումը, ինչպես նաև Ուկրաինայի դիկտատուրայի դեմ բողոքի ակցիաների կազմակերպումը»,- ասվում է Տիմոշենկոյի կուսակցության մամլո հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կոմիտեի աշխատանքը լինելու է անդադար, և աշխատանքներ են տարվելու մյուս շրջաններում նույնպես նման նախաձեռնություններ ստեղծելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Յուլյա Տիմոշենկոյի դեմ հարուցված քրեական գործով նա մեղադրվում է Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր ստորագրելու մեջ, որոնք մեծ վնաս են հասցրել Ուկրաինայի տնտեսությանը: Օգոստոսի 5-ին դատարանը որոշում է կայացրել նրան կալանքի տակ վերցնելու վերաբերյալ՝ պատճառաբանելով դա Տիմոշենկոյի կողմից դատական նիստը խոչընդոտելու փորձերով:












































