Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների առաքելության հիմնական խնդիրը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն ու բնականոն կյանքի վերականգնումն է: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ ճեպազրույցի ընթացքում այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան այն հարցի, թե, իբր խաղաղապահները թույլ չեն տալիս որոշ լրագրողների, զբոսաշրջիկների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մուտք գործել Ղարաբաղ:
«Պետք է ինքներս մեզ հարց տանք, ի՞նչ ենք մենք ուզում, զարգացնել այս փուլում՝ Արցախում զբոսաշրջությո՞ւնը, թե՞ հասնել փախստականների վերադարձին և վերականգնել բնականոն կյանքը: Ամենագլխավորը կայուն խաղաղությունն է, մարդկանց վերադարձը և բնականոն կյանքի վերականգնումը, ներառյալ՝ անցումը երկար ժամանակ գոյություն ունեցող խնդիրների լուծմանը»,- ասել է նա:
Զախարովան նշել է, որ մուտքի իրավունքի յուրաքանչյուր դեպք խաղաղապահները փորձում են հասկանալ հակամարտության բոլոր կողմերի հետ միասին:
«Իհարկե, բոլորս հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ և՛ լրագրողները կարողանան աշխատել աշխարհի բոլոր կետերում, և՛ զբոսաշրջիկները ճանապարհորդեն: Ամեն դեպքում, կա իրական խնդիր, որի լուծման շուրջ մենք պետք է կենտրոնանանք»,- հավելել է Զախարովան: