2016թ․-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով հերթական դատական նիստում այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ մեղադրյալներից Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը։ Մի շարք հանգամանքների թվում նա անդրադարձավ ամբաստանյալներին մեղադրվող՝ բուժաշխատողների եւ ոստիկանների պատանդառությանը։
«Մեղադրողները համարում են, որ բժիշկ Խաչատուր Մուրադյանի պատանդառության հանգամանքը ապացուցված է նրանով, որ նրան ներկայացվել են պահանջներ, խնդրանքներ, եւ այդքանը բավարար է համարվել պնդելու, որ կազմակերպված խմբում զենքի գործադրմամբ պատանդ է վերցվել Մուրադյանը։ Այս ամենը ամփոփվում է նրա ցուցմունքով, որ իր տպավորությամբ՝ ինքը պատանդ է եղել։ Իմ համոզմամբ՝ տպավորությամբ հնարավոր չէ գնահատել պատանդառության հանցակազմի բոլոր տարրերի առկայությունը։ Ինչ վերաբերում է «կազմակերպված խմբին», ապա խմբի անդամներն ասել են, որ պատանադառության վերաբերյալ քննարկում չեն ունեցել, գնդի տարածք մտնելով՝ ոստիկաններին հորդորել են փախնել, եւ բավականին թվով ոստիկաններ փախել են։ Մյուսների չփախնելը պայմանավորված է եղել տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ հնարավոր հետեւանքներով։ Մնացածը Խաչատուր Մուրադյանի պատկերացումներն են։ Նրան որեւէ մեկը չի ցանկացել պատանդ պահել, նրան թույլատրվել է հեռանալ»,-նշեց Եգորյանը։









































