Առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելա Կիրիակիդեսը դեմ է ԵՄ սահմանների փակմանը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում: Այս մասին նա ասել է Augsburger Allgemeine պարբերականին տված հարցազրույցում:
Կիրակիդեսը նշել է, որ սահմանները վիրուսը չեն զսպում, իսկ վարակի մուտացիաների դեմ պայքարին կօգնեն պատվաստումը և հիգիենայի կանոնների պահպանումը:
«Կորոնավիրուսի մուտացիաներից վախը հասկանալի է: «…» Ես սխալ եմ համարում վերադառնալ այն իրավիճակին, երբ 2020թ.-ի մարտին Եվրոպայում փակվեցին սահմանները»,- ընդգծել է Կիրիակիդեսը:
Եվրահանձնակատարը չի կարողացել պատասխանել այն հարցին, թե ինչ է տեղի ունենալու աշխարհի հետ մեկ տարի անց, և արդյո՞ք կվերջանա համավարակը: Ըստ նրա, նման կանխատեսումներ անել պարզապես հնարավոր չէ:
«Մեկ տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ կլինի մեզ հետ այժմ: Պարզապես ուզում եմ շեշտել, որ մենք իսկապես աշխատում ենք օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր՝ իրավիճակը վերահսկելու և մարդկանց բավարար քանակությամբ պատվաստանյութերով և դեղերով ապահովելու համար»,- եզրափակել է նա:
Հունվարի 30-ին կորոնավիրուսի պատճառով Չեխիան փակել է իր սահմանները օտարերկրացիների համար, իսկ դրանից մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ իր սահմանները փակում է Ֆրանսիան:











































