Կորստից հետո թե՛ անհատը, թե՛ հասարակությունը անցնում է հոգեբանական մի քանի փուլ: Հետպատերազմական Հայաստանում հանրությունը կոլեկտիվ տրավմա է տարել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Անուշ Ալեքսանյանը:
«Տրավմայի հետևանքով փոխվում են իրականության մասին մարդկանց պատկերացումները, փոխվում է նաև կյանքի մասին պատկերը: Մինչ տվյալ դեպքերը և դեպքերից հետո կյանքը կարծես բոլորովին տարբեր է, և նոր մոտեցումների կաիրք է լինում: Սա շատ լուրջ շրջադարձ է մարդկանց կյանքում: Եվ բոլորս՝ և՛ անհատապես, և՛ հանրությունը, արձագանքում ենք այս ամենին: Կարծում եմ, մենք դեռևս գտնվում ենք կորստի մերժման, չընդունելու փուլում, և դա բնական է՝ հաշվի առնելով կորստի չափերը և այն, որ որոշ շերտերի համար պատերազմը չի ավարտվել, դեռ անհետ կորած զինվորներ կան, դեռ գերիների խնդիր կա, դեռ իրենց հարազատներին հույսով սպասողներ կան, անընդհատ ցավալի լուրեր ենք լսում»,-նշեց Ալեքսանյանը:
Հոգեբանի դիտարկմամբ՝ մեր հասարակությունը գտնվում է իրականության հետ առերեսման փուլում: «Այս փուլում ամենահատկանաշական այն է, որ կա չբավարարվող ագրեսիայի և մեղադրանքի հոսք: Սա շատ լուրջ իրողություն է»:
«Անհատի մակարդակում վշտի ապրման յուրաքանչյուր փուլը կարող է անվերջ ձգվել: Սա շատ ցավալի է և մասնագիտական աջակցություն է պահանջում: Խմբային՝ հանրության մակարդակում նույնպես կարող է երկար տևել: Օրինակ՝ անարդարությունը, ինֆորմացիան թաքցնելը, ինֆորմացիան լիարժեք չդարձնելը կարող է շատ խանգարել իրողության ընդունմանը: Արդարության վերականգնումը օգնում է խաղաղվել և ընդունել այն, ինչ տեղի է ունեցել»,- նշեց մեր զրուցակիցը:
Հոգեբանի կարծիքով՝ մեր հասարկությունն այս պահին առաջին հերթին ճշմարտության կարիք ունի. «Մենք իրավունք ունենք իմանալու ճշմարտությունը բոլոր պրոցեսների վերաբերյալ, ինչը կազդուրիչ, ամոքիչ նշանակություն կարող է ունենալ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































