ԱԱԾ-ն հունվարի 27-ին տարածել է հաղորդագրություն, որ Արագածոտնի նախկին մարզպետ Ս. Ս.-ն, որը եղել է ՀՀԿ անդամ, ինչպես նաև ՀՀԿ անդամ նախկին պատգամավոր նրա եղբայրը՝ Ն. Ս-ն, կատարել են չարաշահումներ՝ կապված Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության հետ, ինչի հետևանքով յուրացրել են մոտ 140 միլիոն դրամ: Նախկին մարզպետին ու նրա եղբորը ներկայացվել է մեղադրանք և կայացվել է կալանավորելու որոշում: Ինչ կանի դատարանն այդ հարցում՝ պետք է սպասել: Կվերցվե՞ն նրանք «անկախ արդարադատության» հովանու տակ, թե՞ ոչ:
Անմեղության կանխավարկածն իհարկե պետք է հարգել, այստեղ, սակայն, խնդիրն այլ է: Հայաստանի անկախության պատմության կամ, այսպես ասած, խաղաղաշինության խոշորագույն ծրագրերից մեկը՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, ներկայումս պետք է արդեն իսկ լիներ ավարտված և շահագործվեր: Համենայնդեպս, ըստ ծրագրի, մայրուղու շինարարությունը պետք է սկսվեր 2012 թվականին և ավարտվեր 2019-ին: Այդպիսով, Հայաստանի Հանրապետությունը պետք է փաստորեն ստեղծեր հետխորհրդային շրջանում իր համար բացառիկ ռեգիոնալ ենթակառուցվածք, որն Իրանի սահմանը պետք է միջազգային մակարդակի ճանապարհով միացներ Վրաստանի սահմանին ու Սև ծովի նավահանգիստներին: Մինչ այդ հետխորհրդային շրջանում բոլոր ռեգիոնալ նշանակության ենթակառուցվածքները անցել են Հայաստանը շրջանցելով: Պատճառն անշուշտ հասկանալի քաղաքական խնդիրներն են, որոնք պայմանավորված էին Թուրքիայի և Ադրբեջանի թշնամական քաղաքականությամբ: Հյուսիս-հարավը պետք է լիներ անկախ Հայաստանի բավականին կարևոր տնտեսական պատասխանը այդ քաղաքականությանը՝ ունենալով ռեգիոնալ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կարևոր նշանակություն:
Այդ հանգամանքը առավել ևս աղաղակող է դարձնում այն թշվառ պատկերը, որին հանգել է նախագիծը: Հյուսիս-հարավի շինարարությունը մեկնարկել է նախատեսվածից տարիներ ուշացումով, ինչի համար, ի դեպ, Հայաստանը տուգանք է վճարել Ասիական զարգացման բանկին՝ վարկը ժամանակին չօգտագործելու, աշխատանքների մրցույթները ժամանակին չկազմակերպելու համար: Շինարարության ավարտի նախատեսված ժամկետից 2-3 տարի առաջ կառուցված էր Հյուսիս-հարավի ընդամենը 10 տոկոսը, այն էլ՝ հատվածական, և այն էլ՝ շինարարության համար ամենանպաստավոր՝ ուղիղ, հարթ հատվածներում:
Ինչի՞ մասին է այդ ամենը: Թող չհնչի տարօրինակ, սակայն այդ ամենը խաղաղության ու պատերազմի մասին է: Այդ ամենը դժբախտաբար այն մասին է, թե ինչ որակով է Հայաստանը կառուցել առաջին հաղթանակին հաջորդած խաղաղությունը, ինչ որակով ու արդյունավետությամբ է Հայաստանն օգտագործել հազարավոր զոհերի գնով ստացված հաղթանակի բերած խաղաղության ժամանակը: Այդտեղ է նաև պատասխանը, թե ինչու Հայաստանը պատրաստ չէր այն ժամանակակից սպառազինությամբ ու տեխնոլոգիաներով պատերազմին, որ երեք տասնամյակ անց պարտադրվեց Հայաստանին: Որովհետև Հայաստանում խաղաղության տարիներին ծաղկել, բարգավաճել, հզորացել և բյուրեղացել էին կոռուպցիոն տեխնոլոգիաները, հանրային և պետական ռեսուրսները յուրացնելու տեխնոլոգիաները:
Ընդ որում, այդ հանգամանքի չափազանց խոսուն վկայությունը տվել է ոչ այլ ոք, քան նախկին համակարգի առանցքային դեմքերից մեկը դեռևս 2014 թվականին՝ խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ Հայաստանում պետական բյուջեի 1/3-ը գողացման, յուրացման, մսխման համակարգային ռիսկի տակ է: Խոսքը Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարության մասին է, որին մի քանի օր անց հաջորդեց Սերժ Սարգսյանի խիստ նկատողությունը, թե Զաքարյանը խոսում է բաներ, որոնք իր գործը չեն, Զաքարյանին սպառնալով, թե իրենով կզբաղվի ՀՔԾ-ն: Թե ինչու էր Զաքարյանը զբաղվել «ոչ իր գործով», այն ժամանակ պարզ էր՝ դա պայմանավորված էր ներիշխանական բևեռների պայքարով:
Բայց Հյուսիս-հարավի ծրագրի առնչությամբ իրենց «արդարաբար» բաժանված քվոտաներ ունեին իհարկե բոլոր բևեռները: Դա է նաև պատճառը, որ Հայաստանն այսօր չունի Հյուսիս-հարավ միջազգային մակարդակի ժամանակակից ավտոմայրուղի: Իհարկե, միամտություն է համարել, թե դրանով լուծվելու էին Հայաստանի բոլոր խնդիրներն ու անվտանգության բոլոր հարցերը: Բայց Հյուսիս-հարավը խոսուն պատկերն է, թե ինչու այդ հարցերը ավելի քան երկու տասնամյակ չեն լուծվել Հայաստանի մարտահրավերներին համարժեք մակարդակով:









































