ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականության նախկին ավագ խորհրդական Ռոբերտ Մոլլին այս շաբաթ կնշանակվի Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց՝ հաղորդում է INTERFAX-ը՝ վկայակոչելով Associated Press-ին: Ռոբերտ Մոլլին Օբամայի վարչակազմում բավականին հաջողություն էր ունեցել Իրանի հետ միջուկային գործարքի գործընթացում, ինչը տալիս է հիմք՝ մտորելու, որ նա կարող է հաջողության հասնել Թրամփի նախագահության շրջանում Իրանի հետ չեղարկված համաձայնությունը վերականգնելու հարցում:
Այդ հաջողությունը նշանակալի կլինի Հայաստանի համար ոչ միայն հայ-իրանական երկկողմ հարաբերության միջավայրի բարելավման իմաստով՝ երբ թուլանան Իրանի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցները, այլ նաև ռեգիոնալ իրադրության: ԱՄՆ-Իրան գործակցված հարաբերությունը Կովկասում զգալիորեն կնվազեցնի թուրք-ադրբեջանական տանդեմի ներուժը, միաժամանակ նաև ռուս-թուրքական խաղի դերը:
Բանն այն է, որ Իրան-ԱՄՆ հարաբերության մեջ լարվածության նվազեցումը կնվազեցնի ռեգիոնալ քաղաքականության հարցում Իրանի կաշկանդվածությունը թե՛ Կովկասի, թե՛ մերձավորարևելյան ուղղությամբ, և Իրանը կդառնա լրացուցիչ կամ արդյունավետ բալանսավորող սուբյեկտ: Դա կնվազեցնի Ռուսաստանի և Թուրքիայի տեսակարար կշիռը: Այդ բալանսավորումը կարևոր է Հայաստանի համար: Արցախի դեմ պատերազմը խոշոր հաշվով նաև այդ բալանսի խախտման հետևանք էր: 2016-ի ապրիլի քառօրյա պատերազմի արագ դադարը պայմանավորված էր նաև հենց նրանով, որ իրանական ուղղությամբ Օբամայի վարչակազմի հաջողությունը էապես բարելավել էր Հայաստանի եվրասիականացումով լրջորեն խախտված ռեգիոնալ բալանսը, ինչը զսպում էր ռեգիոնալ ծավալուն ապակայունացման հնարավորությունը:
Ի դեպ, ապրիլյան պատերազմից տևական ժամանակ անց Իրանի նախագահ Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանը բանագնաց էր ուղարկել Երևան և Բաքու՝ կրակի դադարեցման օրակարգով: 2016-ի ապրիլին Թեհրանի բանագնացը խաղացել էր դեր, 2020-ի հոկտեմբերին՝ ոչ:









































