ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի կատարելագործել իր միջուկային սպառազինությունները՝ հանուն թշնամական ուժերի հարկադիր զսպման: Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Անհրաժեշտ է այնպես անել, որ ակտիվորեն և լիովին զսպենք և վերահսկենք ռազմական սպառնալիքը, որ առկա է Կորեական թերակղզում՝ կատարելագործելով միջուկային տեխնոլոգիաները, մեծացնելով միջուկային սպառազինությունների ռազմավարական հզորությունն ու կշիռը», – ասել է Կիմ Չեն Ընը:
Նա նշել է ռազմավարական միջուկային զենքի մշակման անհրաժեշտությունը, «որը կարող է օգտագործվել ժամանակակից պատերազմում տարբեր ձևերով ՝ կախված թիրախից և գործողության նպատակներից»:










































