Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում, թերևս, ամենաքիչն է խոսվում մի բանի մասին, որն ունի, երևի թե, ամենամեծ նշանակությունը մնացյալ բոլոր խնդիրների լուծման համախառն ներուժի գոյացման իմաստով: Խոսքը տնտեսության մասին է, որի համար 2020 թվականն անգամ առանց պատերազմի էր մղձավանջային տարի:
Պատերազմը ուղղակի խորտակիչ հարված էր հայկական տնտեսությանը, որը հետպատերազմական վերականգնման խնդիրներ պետք է լուծի մի իրավիճակում, երբ համաշխարհային տնտեսությունը դեռևս գտնվում է կորոնավիրուսային շոկում: Այդ ամենը հայկական տնտեսությունը պետք է անի առանց նավթի և գազի պաշարների: Բնական է, որ այստեղ առաջանում է երկու հանգամանք՝ կա՛մ արտաքին պարտք, կա՛մ խոշոր դրամաշնորհային ներարկում, կա՛մ համահայկական ռեսուրսի մոբիլիզացիա: Ցանկալին, անշուշտ, երկրորդ տարբերակն է, որովհետև առաջինը, բնականաբար, առաջացնում է հավելյալ պարտավորություններ, հետևաբար՝ հավելյալ քաղաքական կախվածություն, ռազմա-քաղաքական հարցեր և այլն, և այլն:
Միաժամանակ, այդ ամենից զերծ չէ նաև համահայկական ռեսուրսը, եթե դիտարկենք խոշոր կապիտալիստներին: Նրանք ունենք թե՛ ներքին քաղաքական, թե՛ արտաքին քաղաքական հետաքրքրություններ, կապող գործոններ և այլն, ըստ այդմ՝ այստեղ ևս առանց մեծ քաղաքականության լուծումները կլինեն մշուշոտ:
Միաժամանակ, լուսավոր չէ վիճակը նաև համահայկական, այսպես ասած, միջինացված ռեսուրսի մոբիլիզացիայի տեսանկյունից, քանի որ, այդուհանդերձ, երկրի շուրջ և դրա ներսում քաղաքական մթնոլորտը թողնում է եթե ոչ ուղղակի, բայց էական ազդեցություն նաև այդ շրջանակի տրամադրության, ներդրում անելու պատրաստակամության վրա: Իրավիճակը հանգում է նրան, որ, այդուհանդերձ, Հայաստանում ամենակարևորի մասին առարկայական խոսելու համար պետք է ներքաղաքական դերակատարները գտնեն հիմնականի, նվազագույնի մասին երկխոսելու կարողություն: Սակայն դրա փոխարեն մենք տեսնում ենք ներքին հռետորաբանության սրընթաց աճի միտում, կոշտացում, կոպտացում: Մինչդեռ, այդ ամենը շարունակում է քայքայել տնտեսությունը: Քայքայված տնտեսությամբ պետությունը չի կարող վարել քիչ թե շատ կայուն արտաքին և պաշտպանական քաղաքականություն, որովհետև բոլոր պետությունների դեպքում դրա հիմքը տնտեսությունն ու բանակն են: Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական շտապ բեկումնային և առարկայական հեռանկարներ և ազդակներ:








































