Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ ճապոնական TEPCO ընկերությունը հրաժարվել է Թուրքիայի Սինոպի շրջանում ատոմակայան կառուցելու գաղափարից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։
Վերջինս նախորդ շաբաթվա վերջին «միջուկային» բանակցություններ է վարել Թուրքիա ժամանած ճապոնական պատվիրակության հետ։ Վերջինս իր երկրի որոշումը պայմանավորել է ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարով, ինչի պատճառը մարտի 11-ին տեղի ունեցած 9 բալանոց երկրաշարժն էր։
Նշվում է, որ Ճապոնիան որոշել է մինչև 2050 թվականը փակել իր բոլոր ատոմակայանները։
Հիշեցնենք, որ թուրքական առաջին ատոմակայանը կառուցելու է Ռուսաստանը միջերկրածովյան Մերսինի նահանգի Աքքույու վայրում։ Երկրորդ ատոմակայանը կառուցվելու է սևծովյան Սինոպ նահանգում, որի շուրջ բանակցություններ էին ընթանում ճապոնական կողմի հետ։ Այս երկու ատոմակայանների ընդհանուր հզորությունը կազմելու է 10,000 Մեգավատտ:
Վերջերս հայտնի դարձավ, որ թուրքական կողմը որոշել է մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը) երրորդ ատոմակայանը կառուցել երկրի եվրոպական հատվածում` Թրակիայի շրջանի Իղնեադա վայրում, որով Թուրքիայի ատոմակայանների ընդհանուր հզորությունը կհասցվի 15,000 Մեգավատտի։











































