Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը որոշ սպառողների համար փետրվարի 1-ից կբարձրանա։ Այս մասին նախօրեին տեղեկացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Թանկացումը, ըստ էության, կազդի միայն տնտեսվարողների վրա, որոնք ամսական 400 կՎտժ և ավելի հոսանք են սպառում։
Ըստ ՀԾԿՀ-ի՝ 2020 թվականի սեպտեմբերի 10-ից սկսած՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2021 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները։ Մասնավորապես, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն անհրաժեշտ է բարձրացնել 2.27 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Արդյունքում առաջարկվում է՝
1) սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները թողնել անփոփոխ,
2) իսկ մնացած սպառողների համար բարձրացնել 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ թանկացման համար որևէ հիմք չկա, և եթե ամեն դեպքում թանկացում լինի, ապա դա կնշանակի վերջնականապես ծնկի բերել առանց այդ էլ ծնկած տնտեսությունը: «Այդ համակարգը պետք է ենթարկվի լրջագույն աուդիտի։ Այդ հանձնաժողովը՝ ՀԾԿՀ-ն, արդեն երկրորդ անգամ նույն մեթոդաբանությունն է կիրառում՝ թանկացնել էլեկտրաէներգիան տնտեսվարողների համար՝ խուսափելով բնակչության դժգոհությունից։ Առանց այդ էլ ծնկած տնտեսության պարագայում մի հատ էլ գնալ հոսանքի թանկացման տնտեսվարողների համար, կնշանակի տնտեսությունը հողին հավասարեցնել»,- ասաց Մարգարյանը։
Փոխարենը՝ տնտեսագետը ցույց է տալիս ռեզերվների տեղերը, որտեղից կարելի է օգտվել և չգնալ թանկացման։ Օրինակ՝ ռեզերվներ կան էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման ու վերջնական վաճառքի շղթայում։
Դրանք, ըստ Մարգարյանի, ոչ միայն բավարար են սակագինը չբարձրացնելու համար, այն էլ՝ այս ձմռան ամիսներին, այլև հակառակը՝ բավարար հիմք են սակագինն իջեցնելու համար: «Հայաստանում գործում են 150-ից ավելի փոքր ՀԷԿ-եր։ Հիդրոէլեկտրակայանների մեծ մասը, կարելի է ասել, իրենց ներդրումները վաղուց փոխհատուցել են։ Եվ այդ պարագայում նրանց սակագները պահել արհեստական բարձր մակարդակի վրա և շարունակել հանիրավի հարստացնել դրանց տերերին, անիմաստ է, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ովքեր են ՀԷԿ-երի տերերը»,- ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ հաջորդ խնդիրը կորուստներն են:
«Ընդհանրապես էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համակարգում շարունակում են լուրջ խնդիրներ մնալ կորուստները։ Լուրջ հիմնավորումներ են պետք։ Բնականաբար, այդտեղ էլ կան լուրջ ռեզերվներ, որը թույլ կտա սակագնին գոնե ձեռք չտալ։ Առհասարակ ՀԾԿՀ-ն շատ լուրջ հիմնավորումներ պետք է բերի՝ ուսումնասիրելով էլեկտրաէներգիա արտադրող համակարգերի խնդիրները և պարտավորությունների կառուցվածքը։ Խոսքը վերաբերում է նրան, թե ինչ վարկային ռեսուրսներ են ներգրավում, արդյոք սեփական աղբյուրներից կամ շահույթների՞ց են ներդրումները կատարվում, թե՞ վարկային թանկ աղբյուրներից՝ բանկերից են ներդրումները կատարվում, որը ևս լուրջ խնդիր է։ Այնպես որ, ես կրկնում եմ, որ վիզուալ կարելի է ասել, որ թանկացման համար որևէ հիմք չկա»,- ասաց տնտեսագետը։
Մեր զրուցակցի խոսքով՝ եթե ՀԾԿՀ-ն հաստատի էլեկտրաէներգիայի թանկացման հայտը, ապա դա կնշանակի, որ առաջիկայում մի շարք ապրանքներ կրկին կթանկանան, քանի որ էլեկտրաէներգիա օգտագործող տնտեսվարողները թանկացման չափով իրենց ապրանքը կթանկացնեն։ «Իսկ էլեկտրաէներգիա բոլոր տնտեսվարողներն են օգտագործում։ Հետևաբար դա շղթայաբար բերելու է ապրանքների և ծառայությունների թանկացման։ Մենք խոսում էինք թավշյա հեղափոխության, տնտեսական հեղափոխության և չգիտեմ ինչ բարձր բաների մասին, բայց դա կլիներ այն ժամանակ, եթե ռեսուրսների հասանելիության մակարդակը բարձրանար։ Ռեսուրսները, այդ թվում՝ էլեկտրաէներգիան, կարևորագույն բազային տնտեսական ռեսուրս են, և այդ ռեսուրսները առնվազն պետք է լինեն համեմատելի իրենց գնային պարամետրերի մեջ համադրելի երկրների ռեսուրսների հետ։ Դե դրեք ու համեմատեք, թե ինչ արժի էլեկտրաէներգիան Վրաստանում, Ռուսաստանում, հարևան մյուս երկրներում։ Ու տեսեք՝ այդ պայմաններում մեր ապրանքը կարո՞ղ է լինել մրցունակ, թե՞ ոչ»,- նկատեց Մարգարյանը՝ հավելելով, որ հարցերը փոխկապակցված են և շատ սրված վիճակում են։
Նկատենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման հարցը դեռ հայտ է, այն դեռ պետք է քննարկվի ՀԾԿՀ-ում և նոր միայն որոշում կայացվի։ Բայց, ըստ Ատոմ Մարգարյանի, բոլոր հիմնավորումները պետք է լինեն բաց ու թափանցիկ։









































