Ռուսաստանը կշարունակի «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը՝ չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին, հաղորդում է Bloomberg- ը:
Պատժամիջոցների կիրառումից հետո շինարարությունը դադարեցվել է մեկ տարի: Չնայած Վաշինգտոնի ջանքերին, «Fortuna» նավը վերսկսել է խողովակաշարի ստորջրյա երկու հատվածների տեղադրումը, նշում է գործակալությունը՝ Գերմանիայի ջրային ուղիների և նավագնացության վարչությանը հղումով:
ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանին «չափազանց մեծ լծակներ կտա Եվրոպայում և, հնարավոր է, հեղուկացված բնական գազի ամերիկյան մատակարարներին զրկի շուկաներից», նշված է հաղորդագրությունում:
Ստեղծված պայմաններում Վաշինգտոնի օրենսդիրները ձգտում են խստացնել պատժամիջոցները:
Նոր սահմանափակումները պետք է ազդեն այն ընկերությունների վրա, որոնք մուտք ունեն ԱՄՆ ֆինանսական համակարգ և ապահովագրության և սերտիֆիկացման ծառայություններ են մատուցում շինարարության մեջ ներգրավված կազմակերպություններին, ընդգծում է Bloomberg-ը:






































