Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպում է ունեցել Նորվեգիայից ժամանած Նաթիա Չխեթիանիի հետ, ում հաջողվել է ողջ մնալ Նորվեգիայի Ուտեյա կղզում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, մինչդեռ նրա ընկերուհու բախտը չի բերել. ահաբեկիչ Բրեյվիկի արձակած գնդակներից երկուսը դիպել են նրա թիկունքին։
Հանդիպումից հետո Սաակաշվիլին լրագրողներին հայտարարել է, որ Բրեյվիկն «իսկական անասուն» է. «Ես չգիտեմ՝ այլ կերպ ինչպես անվանել այդ մարդուն, եթե ոչ անասուն։ Ես լավ գիտեմ, թե ինչ վիճակում են Նորվեգիայի բանտերը, որոնք Բրեյվիկի համար իսկական առողջարաններ են, ինչին նա արժանի չէ։
Մենք, իհարկե, ամեն օր ենք լսում ահաբեկչությունների մասին, սակայն անտարբերություն ենք ցուցաբերում դրանց նկատմամբ, բայց երբ դա վերաբերում է մեզ, ապա այդպիսի ահաբեկչությունները վերածվում են աղետի։
Մենք պետք է ավելի պատասխանատվությամբ մոտենանք այդպիսի ահաբեկչություններին և ամեն գնով պայքարենք ահաբեկչության դեմ՝ անկախ նրանից, թե որտեղ է դա տեղի ունեցել և վերաբերում է մեզ, թե ոչ»։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Նորվեգիայում գրանցվել էր կրկնակի ահաբեկչություն։ Նախ պայթյուն էր տեղի ունեցել Օսլոյի կենտրոնում՝ կառավարական շինությունների համալիրի մոտ, իսկ մի քանի ժամ անց ոստիկանական հագուստով 32-ամյա Բրեյվիկը կրակահերթ էր արձակել իշխող կուսակցության՝ Նորվեգիայի մայրաքաղաքից ոչ հեռու ընկած Ուտեյա կղզում գտնվող երիտասարդական ճամբարի վրա։
Այս ահաբեկչությունների արդյունքում զոհվել է 77 մարդ, որից 8-ը՝ Օսլոյի պայթյունի ժամանակ, իսկ 69-ը՝ Ուտեյա կղզում։








































