«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամ Հայաստան ծրագիրը բացահայտում է և փայլուն ինդիպատորն է այն բանի, որ քաղաքական իշխանությունները անպատասխանատու են հասարակության առջև։ ՀՄՀ ծրագիրը փայլուն ինդիպատորն է այն բանի, որ ՀՀ կառավարության անդամները իրենց նեղ անձնական շահը ավելի բարձր են գնահատում, քան պետական շահը»,- ավարտին մոտեցող ՀՄՀ ծրագրի մասին ասաց Հիմնադրամի Շահառուների խորհրդի նախկին անդամ Արթուր Սաքունցը։
Փորձագետը, սակայն, հրաժարվեց գնահատական տալ Հիմնադրամի 5-ամյա ծրագրին այն պատճառով, որ իրական անաչառ մոնիտորինգ այդպես էլ չի անցկացվել։
Այնուամենայնիվ, Սաքունցը նշեց այն գործոնները, որոնք բացասական ազդեցություն են ունեցել «Հազարամյակի մարտահրավերներ» Հայաստան ծրագրի իրականացման վրա։ Առաջին խոչընդոտը շահերի բախումն էր։ Որպես ծրագիրը վերահսկող մարմնի՝ շահառուների խորհրդի անդամներ, իրավունք չունեն մասնակցելու ծրագրի կատարման համար հայտարարված մրցույթին, սակայն նրանցից ոմանք, ովքեր ունեին իրենց բիզնեսը, դիմում էին և շահում մրցույթում, այս մասին մեզ հետ զրույցում հիշեցնում է Արթուր Սաքունցը։ Երկրորդ խոչընդոտն այն է, որ ՀՀ-ն չապահովեց Հիմնադրամի 6 չափորոշիչները՝ քաղաքական ազատություն, տնտեսական զարգացում և այլն։
ԱՄՆ կառավարության որոշումը՝ այլևս դադարեցնել ՀՄՀ Հայաստան ծրագիրը, բնավ անսպասելի չէր։ «Մենք բազմիցս նախազգուշացրել ենք, որ նման կերպ շարունակելու դեպքում ծրագիրը կդադարեցվի։ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ ուրիշ տեղից փող կգտնի, դե թող հիմա գտնեն։ Ծրագրի դադարեցման պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը, և դրա ենթակա այն պսևդո-ՀԿ-ները, որոնք իրականում չէին ներկայացնում քաղաքացիական հասարակության կարծիքը, սակայն խորհրդում ձայների մեծամասնություն ապահովելով հաղթող էին դուրս գալիս որոշումներ կայացնելիս»,- ասում է Արթուր Սաքունցը։











































