Մի շարք իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնյաներ ենթակա աշխատակիցներին համոզելու, նյութապես շահագրգռելու, իսկ որոշ դեպքերում նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրում են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հավաքներին: Այդ մասին երեկ տեղեկացրեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։
Հիշեցնենք, որ ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ էլ ահազանգեր կային, և մամուլում մի քանի հրապարակումներ կային, որ հանրահավաքի մասնակիցներ հրապարակ են բերվում որոշակի գումարի դիմաց։ Նրանց ցուցակագրում են և միայն ցույցի ավարտից հետո վճարում համապատասխան գումարը։ Մեզ պատմեցին, որ որոշ քաղաքներում ու համայնքներում գումարը բաժանվել է կրպակներից, երբեմն մեկ մասնակցին մինչև 40 հազար դրամ գումար են առաջարկել։
Այս առումով ակտիվ են հատկապես Կոտայքի և Արարատի մարզերը, այդ մարզերի համայնքները, քանի որ այդ մարզերը գտնվում են հայտնի խնամի օլիգարխների ազդեցության գոտում։ Ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ էլ հրապարակվեցին որոշ համայնքների անուններ, որոնք միանում են վարչապետի հրաժարականի պահանջին։ Այդ համայնքների թվում են Սյունիքի մարզի մի շարք համայնքներ, ինչպես նաև Արարատի համայնքները։ Մասնավորապես, Արարատի շրջանի Արմաշ, Սուրենավան, գ. Արարատ, ք. Արարատ, Ավշար, Նոյակերտ, Եղեգնավան, Սիսավան, Լուսառատ, Փոքր Վեդի, Վանաշեն, ք. Վեդի, Ուրցաձոր համայնքները։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը արձագանքել էր այդ համայնքների հայտարարությանը՝ նշելով, որ նրանց համայնքապետները պատերազմի օրերին ոչ միայն չձևավորեցին կամավորական ջոկատներ և այդ ջոկատներով չմասնակցեցին հայրենիքի պաշտպանության գործին, այլև չեն կարող իրենց իրավունք վերապահել և այդ համայնքների բնակիչների անունից աջակցություն հայտնել հրապարակում հավաքվածներին, քանի որ այս «համայնքապետները» հանդիսանում են «տեղական օլիգարխի գրպանից կախված անձնավորություններ»։
«Վերը նշված «համայնքապետների» գրեթե կեսի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր, մի քանիսն էլ արդեն գտնվում են դատարաններում։ Եվ ամենևին զարմանալի չէ վերջին օրերի նրանց պահվածքը, քանի որ այս մարդիկ հույսով են լցվել, որ կարող են երկիրը ցնցումների տանելու ճանապարհով վերջապես «փրկել իրենց կաշիները»»,- գրել էր Արարատի մարզպետը։
Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի հրաժարականի կոչն ինքն իր անունից է տարածել, այլ ոչ համայնքի, բայց կոչ է արել մարդկանց միանալ այդ պահանջին։ Իսկ հիմնավորումն այն է, որ 2.5 տարի ոչ մի բան չի արվել։
Իսկ ի՞նչ պետք է արվել կոնկրետ տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ, որ չի արվել, համայնքապետը պատասխանեց. «Իսկ ի՞նչ է արվել առհասարակ։ Պատերազմը տանուլ տվեցինք։ Ոչ մի բան էլ չի արվել։
Հեղափոխությունից հետո ես հրաժարական տվեցի, բայց նորից ընտրվեցի։ Իմ հրաժարականի պահանջն էլ իրենց կողմից սարքած, կազմակերպված էր։ Բայց ժամանակը ցույց տվեց, թե ինչ եղավ, ու ես նորից ընտրվեցի իմ պաշտոնում»։
Նրանից հետաքրքրվեցինք նաև ԱԱԾ տարածած հաղորդագրության մասին։ Համայնքապետը ողջունում է այդ հաղորդագրությունը և կոչ անում ԱԱԾ-ին, եթե իրենց համայնքում էլ նման բան հայտնաբերեն, թող գան ու իրեն էլ բռնեն։ «Մեզ մոտ չկա նման բան։ Թող մեկը կանգնի ու ասի, թե Անդրեասյանը իրեն ստիպել կամ պահանջել է գնալ հանրահավաքի, էլ չասած, որ գումար է առաջարկել։ Բայց կոչ եմ անում հետևողական լինեն ու, եթե իմ մոտ էլ նման բան լինի, գան ու ինձ էլ բռնեն»,- ասաց նա։
Մեր դիտարկմանը՝ Արարատի մարզը հիմնականում գտնվել է նախկին ՀՀԿ-ական օլիգարխների, տարբեր պաշտոնյաների ազդեցության տակ, արդյո՞ք հիմա էլ է այդ ազդեցությունը դեր խաղում, Անդրեասյանը պատասխանեց. «Ես 20 տարուց ավելի գյուղապետ եմ, ու չի եղել մի մարզպետ, մի պաշտոնյա, որ ինձ ասի՝ նստածդ տեղից վեր կաց ու ուրիշ տեղ նստի, ու դա իր մոտ հաջողված լինի։ Ես ազդեցության տակ ընկնող մարդ չեմ»։
Ի դեպ նշենք, որ այն համայնքները, որոնք միացել են վարչապետի հրաժարականի պահանջին, բոլորի համայնքապետները մեծամասամբ ՀՀԿ-ական են, որոշ համայնքների դեպքում՝ ԲՀԿ-ական կամ անկուսակցական։ Օրինակ՝ հրաժարականի պահանջին միացած Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն առ այսօր ՀՀԿ-ական է, Լուսառատի համայնքապետ Դանիել Հակոբյանը՝ ԲՀԿ-ական, Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը ՀՀԿ-ական է։
Սիսավանի անկուսակցական ղեկավար Սպարտակ Թարթիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի հրաժարականի պահանջը համայնքի անունից չի տարածել։ Ավագանու հետ քննարկում չի ունեցել, համայնքի բնակիչների հետ ևս հանդիպում-քննարկում չի ունեցել։ «Դա իմ անձնական որոշումն է, բայց կարծում եմ, որ ավագանին էլ կողմ կլինի, նրանք էլ իմ համայնքի բնակիչներն են, գիտեմ»,- ասաց նա։ Համայնքապետը, հիմնավորելով իր որոշումը, ասաց, որ 2018 թվականի ընտրությունները եղել են ոգևորության տակ, «Իմ քայլը» դաշինքը Սիսավանում 70-80 տոկոս ձայն է տարել, իսկ հիմա ոգևորության ալիքը մարել է, ու հիմնականում մարդիկ դեմ են արդեն իշխող ուժին։ «Կոնկրետ իմ հիմնավորումը նա է, որ գա մի այնպիսի ուժ, որն իմ երկրի, իմ ժողովրդի, իմ ազգի համար բանակցությունների միջոցով լավագույն արդյունք ստանա թե՛ Արցախի հարցում, թե՛ մեր տնտեսական վիճակի հետ կապված։ Իսկ այսօրվա իշխանությունը չի կարողանում զբաղվել անգամ մեր գերիների, անհետ կորածների հարցով։ Պետք է գա մի այնպիսի ուժ, որը կկարողանա այդ հարցերը կարգավորել»,- ասաց Թարթիկյանը՝ հավելելով, որ կոնկրետ որևէ ուժի համար չի խոսում, կոնկրետ թեկնածու էլ չունի, կոնկրետ անուն տալ չի կարող, բայց, եթե այսօրվա իշխանությունը ունակ չէ կոնկրետ հարցեր լուծել, ապա պետք է հեռանա։ «Եթե Նիկոլ Փաշինյանը՝ որպես լրագրող, կարողացավ դառնալ վարչապետ, ապա հաստատ 100 անուն կարելի է տալ, որոնք իրենից հաստատ առնվազն վատ չեն լինի»,- ասաց նա։
Անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը՝ նշեց, որ բացառված է, որ իր համայնքում կարող է նման բան լինել. «Այս մոլորակի վրա հլը էդ մարդը չի ծնվել, որ ինձ ստիպի գնալ ու ինչ-որ բանի մասնակցել, կամ՝ որ ես ստիպեմ մեկին դա անել։ Ես ոչ մեկից վախենալու բան չունեմ, ես մենակ իմ վերևի Աստծուց եմ վախենում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո, երբ խոսք էր գնում ՀՀԿ-ական քաղաքապետներից, գյուղապետներից ազատվելու մասին, իշխանությունը, իշխանության տարբեր ներկայացուցիչները շտապում էին պնդել, թե ոչ մի խնդիր չեն տեսնում նախկինների հետ աշխատանքում։ Իսկ շատ նախկիններ, իրենց կենսագրությունից հանելով կուսակցական պատկանելությունը, ՏԻՊ ընտրություններին առաջադրվում էին և ընտրվում։ Վերջին շրջանում նրանք կրկին սկսել են իրենց կենսագրություններում թարմացումներ անել։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ նաև տեղեկացրել է, որ ներկայումս առկա են Հայաստանի Հանրապետությունում զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի ևս մեկ անգամ հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար, ուստի զգուշացվում է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն:









































