ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ՀԱԿ այսօրվա հանրահավաքի իր ելույթում ընդգծեց, որ ՀԱԿ՝ գրեթե քառամյա պայքարի առանձնահատկությունն այն է եղել, որ իրենք չենք կասկածել իրենց հաղթանակին. «Ինչպես 2008թ.-ին, այնպես էլ այսօր այս հրապարակում կասկածող չկա։ Մենք ասում ենք, որ ՀՀ-ում ավարտվում է լկտիության և բեսպրեդելի ժամանակը, գալիս է քաղաքացու ժամանակը, ապագայի ժամանակը, ազատ և արդար կյանքի ժամանակը»:
Արամ Սարգսյանը այս քաղաքական ամառն անվանեց «վերադարձող արժեքների ժամանակաշրջան» և նշեց, որ այժմ անհավանական գործընթացներ են տեղի ունենում. «Հակասական, նույնիսկ հակադիր։ Սակայն ինձ համար կարևորը գնահատականը չէ, նույնիսկ գործընթացը չէ, այլ՝ արդյունքը, որ կարող է ունենալ երկու տարբերակ. Առաջին՝ իշխանությունները, երկխոսելով ընդդիմության ներկայացուցիչների հետ, ըմբռնում են իրավիճակի լրջությունը, որ արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն, որը ես համարում եմ միայն ելք՝ պատահական չէ, որ Հին Կտակարանի համապատասխան բաժինը «Ելք» է կոչվում, ոչ թե ՝ «Տարբերակ», և էս տարբերակը ձեռնտու է բոլորին։ Եվ ես շատ եմ ուզում, որ դա հասկանան բոլորը»:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավարի գնահատմամբ՝ շատ հավանական է, որ իշխանությունը ցանկանում է երկխոսությունը որպես միջոց օգտագործել` ժամանակը ձգելու և իր նպատակին հասնելու համար, սակայն, ըստ նրա, Կոնգրեսը դրա ելքն էլ ունի. «Որովհետև մենք ենք էս ժողովրդի սերուցքը, որ էս շոգին հավաքվել ենք էստեղ։ Եվ մենք Սասնա Դավթի նման ասել ենք. «Ժամանակ ունեք մինչև սեպտեմբեր, որովհետև սեպտեմբերին գործընթացները գնալու են շատ արագ, և այլևս էս իշխանությունը մտածելու ժամանակ չի ունենալու։ Մենք ցույց ենք տվել, որ կարող ենք կանգնել ոստիկանության, բանակի, դատարանների դռների առաջ, բայց մենք էս երկիրը չենք թողնելու, որովհետև էս երկիրը սիրում ենք»։








































