Քաղաքագետ Իգոր Մուրադյանի կարծիքով, Ռուսաստանի ակտիվացումը ԼՂ հարցի կարգավորման շուրջ և ՌԴ նախագահի հղած ուղերձը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին վկայում է այն մասին, որ Ռուսաստանը հասկանում է, որ ինքը հայտնվել է փակուղում, և որ իրեն ցանկանում են շրջանցել. «Բնական է, որ այս իրավիճակում Ռուսաստանը փորձում է հանդես գալ նոր նախաձեռնությամբ, և այդ իմաստով ամենևին էլ կարևոր չէ այդ ուղերձի բովանդակությունը»:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Մուրադյանը նկատեց, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը ցանկանում են Ռուսաստանին «իր տեղը ցույց տալ» և մտադրություն ունեն ստեղծել նոր ֆորմատ`կարգավորման մի նոր համակարգ, որում Ռուսաստանը հիմնական դեր չի ունենա և կլինի միայն ակտիվ հետևող: Մուրադյանի խոսքերով, սա ենթադրում է, որ այն համակարգերը, որոնք նախկինում դրված են եղել կարգավորման գործընթացում, ինչպես օրինակ՝ մադրիդյան սկզբունքները, կարող են հետագայում չընդունվել. «Սա, իհարկե, լավ է, քանզի մադրիդյան սկզբունքները մեզ համար ազգային աղետ էին»:
Մուրադյանի կարծիքով՝ Ռուսաստանը չի կարող կարգավորման շուրջ նոր առաջարկություններ անել և մնալու է հավատարիմ իր հին մոտեցումներին: Սակայն, քաղաքագետի գնահատմամբ, Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն էլ այժմ պատրաստ չեն նման առաջարկություններ անելու, այլ պարզապես փորձում են միջանկյալ մի տարբերակ մշակել, որը կօգնի շարունակել բանակցային գործընթացի իմիտացիան. «Աշխարհը հետաքրքրված է կարգավորման իմիտացիայով և ոչ թե լուծմամբ, և մեր իշխանությունները դա պետք է հասկանան»:











































