Հունաստանը և Թուրքիան որոշել են չեղարկել հաջորդ շաբաթ Միջերկրական ծովում անցկացվելիք զորավարժությունները: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Ես կարող եմ հաստատել, որ Հունաստանը և Թուրքիան որոշել են չեղարկել հաջորդ շաբաթ նախատեսված զորավարժությունները: Ես ողջունում եմ այս որոշումը, սա շատ ցանկալի քայլ է»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Նա շնորհակալություն է հայտնել Անկարային և Աթենքին՝ ցուցաբերած կառուցողական մոտեցման համար:
«Դա կօգնի նվազեցնել միջադեպերի ռիսկը և կարող է հիմք հանդիսանալ Գերմանիայի ջանքերի համար՝ երկու երկրների միջև (տարածքային) վեճերը լուծելու հարցում»,- հավելել է Սթոլթենբերգը:
Ավելի վաղ, հոկտեմբերի 1-ին, ՆԱՏՕ-ն հայտարարեց Արևելյան Միջերկրածովում Հունաստանի և Թուրքիայի միջև հակամարտության կարգավորման համար երկկողմ ռազմական մեխանիզմ ստեղծելու մասին: