Այսօրվանից մուսուլմանների մոտ սկսվել է Ռամադան սրբազան ամիսը: 28 օրվա ընթաքցում հավատացյալներն արևածագից հետո չեն սնվի՝ մինչև արևը մայր կմտնի: Ռամադանը համարվում է հոգու մաքրման ամիս, երբ պետք է հրաժարվել ավելորդություններից, մոտ լինել մերձավորներին և օգնել կարիքավորներին:
Մուսուլմանները սովորաբար այս ամսին դադարեցնում են պատերազմները, հակամարտությունները, ռազմական գործողությունները: Հրադադարի հույս ունեն Լիբիայի մուսուլմանները, իսկ եգիպտական ընդդիմությունը խոստանում է դադարեցնել բողոքի ակցիաները: Նույնը չի կարելի ասել Սիրիայի իշխանությունների մասին, որոնք Ռամադանի նախօրեին իսկական սպանդ են կազմակերպել խաղաղ բնակչության դեմ՝ կյանքից զրկելով առնվազն 140 մարդու:
Այս ընթացքում խստացվում է նաև հսկողությունը մուսուլմանական քաղաքների փողոցներում: Օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները օտարերկրյա զբոսաշրջիկներին զգուշացրել են, որ կարող են ձերբակալվել, եթե փողոցում ջուր խմեն կամ ծխախոտ օգտագործեն:





































