Այս ցեղասպանության համար պատասխանատու է նաև Իսրայելի իշխանությունը, հոկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսելով Բաքվի միջոցով Թուրքիայի սանձազերծած ահաբեկչական պատերազմին Իսրայելի ռազմական մատակարարումների մասին: Դրանք ունեն առանցքային նշանակություն, որովհետև հենց իսրայելական ճշգրիտ սպառազինությունն է, որ շատ, թե քիչ թույլ է տալիս ադրբեջանական բանակին որևէ կերպ ծանր խնդիրներ դնել հայկական զինուժի առաջ, թեև դրանք մեր զինվորներն ու սպաները լուծում են հերոսաբար և պատվով, դժբախտաբար նաև կյանքերի գնով: Արայիկ Հարությունյանը նշել է, որ թուրքական ցեղասպան նպատակներին մահաբեր սպառազինությամբ աջակցում է մի երկրի կառավարություն, որի ժողովուրդը ինքն է եղել ցեղասպանության զոհ: Շատերը կարծում են, որ Իսրայելը զբաղված է միայն բիզնեսով՝ միլիարդներ է աշխատում, առանց այդ էլ կորոնավիրուսի հարվածներ տեսած համաշխարհային տնտեսության բարդ ժամանակաշրջանում: Եթե Իսրայելի կառավարությունը զբաղված է բիզնեսով, ապա ոչ թե ռազմարդյունաբերության կապիտալիզացիայով, այլ, թերևս, հենց ցեղասպանության, որ ապրել է հրեա ժողովուրդը:
Իսրայելի կառավարությունը զբաղված է այդ ողբերգության «քաղաքական մենաշնորհի» պահպանումով, ինչի համար անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան հնարավորինս մեծ վերահսկողություն ձեռք բերի հայկական հարցի վրա: Իսկ Թուրքիան Արցախին, Կովկասին, Ռուսաստանին նետած ահաբեկչական պատերազմի մարտահրավերով փորձում է լուծել հենց այդ հարցը՝ առավելագույն վերահսկողություն հայկական հարցի վրա:
Հին աշխարհակարգի ձևավորումը գործնականում կառուցված էր «հրեական հարցի» հիմքով: Այդ աշխարհակարգը այլևս չկա, նորի ձևավորման գործընթացում էապես նկատելի է հայկական հարցի արդիականացումը՝ մի շարք դրվագներով: Թուրքիան և Իսրայելը միմյանցից էապես տարբեր պատճառներով, սակայն աշխատում են հենց այդ հարցի վրա առավելագույն վերահսկողության հասնելու ուղղությամբ:











































