Грузия Online-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տնից հետո Կոնգրեսն է Աբխազիայի ու Հարավային Օսիայի նկատմամբ գործածում «օկուպացված» տերմինը։ Սենատում հանրապետական ու դեմոկրատ սենատորները միաձայն աջակցել են Վրաստանին առնչվող բանաձևին։
5-էջանոց այդ փաստաթղթում ամերիկյան օրենսդիրները ոչ միայն ընդգծում են Վրաստանի սահմանների ու տարածքային ամբողջականության անխախտությանն իրենց աջակցության մասին, այլև Ռուսաստանից պահանջում են ստանձնած պարտավորությունների կատարում և միջնորդական առաքելությունների ու փախստականների վերադարձ։
Սենատը հաստատում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անխախտությանը՝ գտնելով, որ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի տարածքներ Աբխազիան ու Հարավային Օսիան։
ԱՄՆ Կոնգրեսի կայքում նշված է, որ Սենատը միաձայն հաստատել է սենատորներ Ջեյն Շահինի և Լինդսի Գրեմի ներկայացրած Վրաստանի աջակցության բանաձևը, ըստ որի՝ ԱՄՆ-ը հաստատում է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, միասնությանը և Ռուսաստանին կոչ է անում սեփական զորքերը դուրս բերել օկուպացրած Աբխազիայից ու Հարավային Օսիայից։
ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ Սենատի կողմից ընդունված այդ փաստաթուղթը և դրանից առաջ Սպիտակ տան արած հայտարարությունը հաստատում են այն, որ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը սկզբունքային է ԱՄՆ համար։







































