Դավաճանի համար ամենամեծ պատիժը դավաճանության ապացուցումն ու հանրայնացումն է, դավաճանությունը ոչ մի ձևով չի արդարացվում: Իշխանափոխության նպատակ հետապնդում են բոլոր քաղաքական այլ հայացքների տեր մարդիկ, բայց իշխանափոխությունը հայրենիքի հաշվին, դա անընդունելի է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանն այն մասին, որ առաջնագծում հայտնվել են մարդիկ, ովքեր զինվորներին փորձել են համոզել, որ այս պատերազմը պայմանավորված է, և նրանց ստիպել են դիրքեր հանձնել:
Եվրոպայից հայամետ հայտարարություններ են հնչում, Ֆրանսիան ճանաչել է, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը, խոսում է ջիհադիստների մասին, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարում է, որ եթե Ադրբեջանն ու Թուրքիան շարունակեն ագրեսիան, ապա իրենք ստիպված կլինեն ճանաչել Արցախի անկախությունը: Արդյո՞ք պետք է ոգևորվել այս հայտարարություններից: Այս հարցին ի պատասխան՝ քաղաքագետը նշեց. «Ոգևորվել չարժե ոչնչից, բայցի մեր բանակի հաղթական արշավից և մեր թիկունքի բացառիկ միասնությունից»:
Նա նաև հավելեց, որ, այնուամենայնիվ, Եվրոպայից հնչող հայտարարությունները պետք է զարգացնել: «Եվրոպան ամեն ինչ գիտի և տեղից չի շարժվում ոչ թե ինֆորմացիայի պակասի պատճառով, այլ կամքի բացակայության: Բոլորը գիտեն, որ Հայաստանին ձեռնտու չէր պատերազմը: Եվրոպան, ԱՄՆ-ն և ՌԴ-ն տեղից շարժվեցին Մակրոնի հայտարարությունից հետո, նրանք հասկացան, որ նա կարող է դառնալ ռեգիոնի «ասիչը»,- ընդգծեց Սեդրակյանը:
«Մեր պայքարը ազատ, պաշտպանված, ժողովրդավարական և միասնական հայրենիք ունենալու համար է, իսկ դա իդեալ է, և այդ իդեալի համար անհավասար պայքար է մղում հայ ժողովուդը, սա գոյամարտ է, որը, վստահ եմ, պիտի հաղթանակով ավարտվի»,- ասաց քաղաքագետը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































