Грузия Online-ի հաղորդմամբ՝ Վրաստանի արտգործնախարարության դժգոհությանն է արժանացել այն, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Աբխազիայի հետ մաքսային ոլորտում համագործակցելու վերաբերյալ համաձայնագիրը։
Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այն բոլոր կապերը, որոնք Ռուսաստանը հաստատում է Աբխազիայի ղեկավարության հետ, հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու ընդունված սկզբունքներին, ինչպես նաև Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։
ԱԳՆ-ի հայտարարությունում նշված է. «Անհրաժեշտ է ընդգծել, որ Վրաստանի օկուպացված շրջանների հետ ո՛չ այդ, ո՛չ էլ մեկ այլ «միջազգային համաձայնագիր» չունի իրավական ուժ և չի կարող գործածվել միջազգային հարաբերություններում, քանի որ թե՛ Աբխազիան, թե՛ Հարավային Օսիան Վրաստանի բաղկացուցիչ մասերն են և չեն հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտներ։
Միևնույն ժամանակ, երբ վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի ու Վրաստանի միջև գոյություն ունեցող խնդիրները հարթելու վերաբերյալ երկխոսություն սկսել և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել, Ռուսաստանի նախագահի նմանատիպ քայլը ևս մեկ անգամ վկայում է, որ Ռուսաստանը չի ցանկանում կառուցողական բանակցություններ սկսել վրացական կողմի հետ»։
Հիշեցնենք, որ 2008 թվականի հոկտեմբերից սկսած՝ Վրաստանն ու Ռուսաստանը միմյանց միջև առկա խնդիրների հարթման համար շարունակ բանակցում են Շվեյցարիայի Ժնև քաղաքում։
Ժնևյան հանդիպումներին մասնակցում են Վրաստանի ու Ռուսաստանի (ներառյալ Աբխազիան և Հարավային Օսիան), ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու ԵՄ-ի ներկայացուցիչները։ Դրանցում քննարկվում են Աբխազիայի և Հարավային Օսիայի, փախստականների վերադարձի, անվտանգության երաշխիքների և այլ հարցեր։







































