Ընդհանուր առմամբ, վերջերս ակտիվացել է և հայկական դիվանագիտական կորպուսի աշխատանքը, և սփյուռքի մեր հայրենակիցների իրազեկման աշխատանքը Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ անդրադառնալով նրան, որ Ժնևի քաղաքային խորհուրդը նախօրեին ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և ալիևների ակտիվները Շվեյցարիայում սառեցնելուն պարտադրելու մասին բանաձևը։
«Բայց դա բավարար չէր լինի, եթե չլինեին այն մտահոգիչ զարգացումները, որոնք ակնհայտ են դառնում վերջին օրերին, առավել ևս ակնհայտ է դառնում Թուրքիայի դեստրուկտիվ դերը, որով նա Ադրբեջանին սադրում է պատերազմի, միջազգային ահաբեկչական խմբավորումների ահաբեկիչների է տեղափոխում մեր տարաաշրջան։ Սա ի վերջո, ակնհայտ է դարձնում, որ այս պատերազմը շատ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ միջազգային անվտանգության համակարգի համար»,-ասաց նա։











































