Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա իրավիճակը, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Սա երկու երկրների ղեկավարների առաջին խոսակցությունն է տարածաշրջանում ռազմական գործողությունների սկզբից ի վեր:
Ղարաբաղում հակամարտության սկզբից ի վեր սա առաջին խոսակցությունն է Պուտինի և Ալիևի միջև: Դրանից առաջ ռուսական կողմը շփում ուներ ԱԳՆ մակարդակով: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արտգործնախարար Լավրովը մշտական կապի մեջ է Ադրբեջանի ու Թուրքիայի իր գործընկերների հետ:
Ալիևը զանգահարել է Պուտինին՝ նրան ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորելու համար: Այս ֆոնին երկու պետությունների ղեկավարները «քննարկել են ղարաբաղյան հակամարտության հետ կապված առկա իրավիճակը»:
Այսօր «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Հակամարտության սկզբից ի վեր նրանք արդեն 4 անգամ խոսել են հեռախոսով:










































