Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հերքում է, թե Վրաստանը խոչընդոտներ է հարուցում դեպի Հայաստան տեղափոխվող բեռների, վառելիքի տեղափոխման հարցում։ «Համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե Վրաստանը խոչընդոտում է դեպի ՀՀ վառելիքի ներկրմանը և նաև հրաժարվում է բաց թողնել դեպի Հայաստան հումանիտար օգնությունը, չեն համապատասխանում իրականությանը։ Ե՛վ վառելիքի, և՛ հումանիտար օգնության տեղափոխման հետ կապված որևէ խնդիր չկա։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի համապատասխան կառույցների հետ»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հերքման տեքստում։
Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ պատերազմական այս օրերին մեր հարևան և բարեկամ Վրաստանը շատ տարօրինակ վարքագիծ է դրսևորում Հայաստանի ու Արցախում ընթացող պատերազմի նկատմամբ։
«Վրաստանը նաև խոչընդոտներ է հարուցում Հայաստան ներկրվող կարևոր նշանակության բեռների հարցում։ Մենք տեղեկացանք, որ մի քանի օր է՝ վրացական նավահանգիստներից թույլ չեն տալիս վառելիքով բեռնված ցիստեռնների փոխադրումը Հայաստան։ Ուղիղ կերպով չեն արգելում, բայց այնպես են անում, որ հայկական կողմը մեզ համար այս օրերին կենսական նշանակության այդ բեռները Հայաստան տեղափոխելու հարցում դժվարություններ կրի, մասնավորապես, վառելիք ներկրող հայկական ընկերությունները, ինչպես տեղեկացանք, այսօր մոտ 50 ցիստեռն բենզին ունեն Փոթիում կանգնած, որոնց՝ գնացքի վագոններ բարձելու և դրանք երկաթգծով Հայաստան փոխադրելու հարցում վրացական կողմն արհեստական խոչընդոտներ է հարուցում, ինչը չէր եղել նախկինում։ Արդյունքում օրական ընդամենը 2-3 ցիստեռն հազիվ է հասնում Հայաստան, ինչը շատ փոքր քանակ է, հատկապես՝ պատերազմական իրավիճակում»,- գրել էր թերթը։
Վրացագետ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ պարզ էր, որ տեղեկությունը պետք է հերքվեր, քանի որ Վրաստանի քաղաքականությունն այսօր նեյտրալիտետն է։ «Իրենք էկոնոմիկայի նախարարի մակարդակով, վարչապետի մակարդակով հայտարարել են, որ միջազգայնորեն իրենց վրա վերցրած բոլոր պարտավորությունները կատարելու են, ինչը վերաբերում է բեռնափոխադրումներին թե՛ Ադրբեջան, թե՛ Հայաստան։ Ուստի չեմ կարծում, որ այս պարագայում կարող էր որևէ խնդիր առաջանալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է ապատեղեկատվության զոհ չդառնալ:
«Այն ուժերը, որոնք այսօր փորձում են մեզ՝ երկու երկրներին բախման բերել, ինչ-որ չափով դա նրանց մոտ ստացվում է, հակավրացական բողոքի ալիքներ են բարձրանում, որը ցանկալի չէ։ Շատ կարևոր է հասկանալ, որ Վրաստանի համար էլ տարածաշրջանում ստեղծված այսօրվա իրավիճակը բավականին խոցելի է իրենց դարձնում։ Վրաստանը ցանկություն չունի դրանում ինչ-որ կերպ ներգրավվելու, և ամեն ինչ անում են, որ պատերազմն ավարտվի, քանի որ դա թե՛ տնտեսապես, թե՛ անվտանգային առումով իրենց վրա է ազդում։ Ամսվա վերջում իրենք ունեն պառլամենտական ընտրություններ, և բոլոր նման ապատեղեկատվության տարածման փորձերն ազդում են նաև Վրաստանի հայության վրա, որի պատճառով հնարավոր է վարկանիշի իջեցում լինի հայաբնակ շրջաններում»,-ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ հնարավոր է նաև այս ապատեղեկատվությունների տարածման փորձերը ուղղորդված լինեն Վարաստանի ներսից:
«Մենք ադրբեջանական ապատեղեկատվությունը պետք է մի կողմ դնենք, որը շատ ակտիվ աշխատում է, Վրաստանում ներքաղաքական խնդիրներ կան, և հնարավոր է այնտեղ բնակվող որոշ հայերից գան նման տեղեկատվությունները, որոնք ապատեղեկատվություն են և կոնկրետ նպատակ են հետապնդում»,- եզրափակեց Ջոնի Մելիքյանը։









































