ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակն Արցախում և սկսել բանակցություն: Ստոլտենբերգի կոչն անշուշտ շատ կարևոր է, սակայն կա մի բավականին էական հանգամանք: Բանն այն է, որ արցախյան ռազմաճակատում կրակը վարում է փաստացի նաև ՆԱՏՕ-ն, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանա-գրոհային ուժը ղեկավարվում է թուրքական հրամանատարությամբ, քանի դեռ Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ է: Թուրքական զինուժը՝ ռազմական օդանավերը, հրահանգիչները, զինվորները գտնվում են Ադրբեջանում և վարում են մարտական և ահաբեկչական գործողություններ Արցախի դեմ, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ահաբեկիչներ է տեղակայել Ադրբեջանում, որոնք մասնակցում են Հայաստանի ու Արցախի դեմ գրոհին: Այլ կերպ ասած՝ Արցախի դեմ կրակի հովանավորը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է, ըստ այդմ՝ Հյուսիսատլանտյան դաշինքը, անելով իսկապես շատ կարևոր կոչ կրակի դադարեցման առումով, միաժամանակ թերևս պետք է նաև գործուն քայլեր ձեռնարկի հենց իր անդամին զսպելու և նրան ռազմական գործողությունների հովանավորի և հրամանատարի դիրքից հեռացնելու համար: Թող չլինի որևէ կասկած, որ այդ խնդիրը լուծելուց հետո կրակն իսկապես կդադարի, քանի որ Ադրբեջանն առանց Թուրքիայի պարզապես ոչինչ է և ի վիճակի չէ ռազմական գործողություններ վարել արցախյան Պաշտպանական բանակի դեմ:
Բանն այն է, որ այստեղ թե՛ միջազգային անվտանգության ու կայունության հարցն է, թե՛ այդ գործում առանցքային քաղաքակրթական դեր ունեցող Հյուսիսատլանտյան դաշինքի միջազգային հեղինակության: Ի վերջո, ՆԱՏՕ-ն իր բարձր դիրքը նվաճել է ոչ միայն զուտ ռազմական ներուժի բերումով, այլև տնտեսաքաղաքական, քաղաքակրթական առաջատարության: Դաշինքը առանձնահատուկ է եղել այն իմաստով, որ լինելով ռազմական դաշնակցային բլոկ՝ այն այդուհանդերձ արտացոլել է արդիական, զարգացող պետությունների միություն՝ ցույց տալով նաև աշխարհին, որ անվտանգությունը զարգացման, արդիականացման օրակարգում է: Ըստ այդմ, Թուրքիան իր ահաբեկչական գործիքակազմով ներկայումս մարտահրավեր է նետել ոչ միայն միջազգային անվտանգությանը, ռեգիոնալ կայունությանը, Հայաստանին, Արցախին, այլև պետությունների, թերևս մարդկությանը:
Թուրքիան մարտահրավեր է նետել նաև ՆԱՏՕ-ին, դաշինքի հեղինակությանը, դաշինքի քաղաքակրթական վարկին: Այդ մարտահրավերի սպառնալից բնույթը գուցե անմիջականորեն զգալի չէ կարճ ժամանակահատվածի համար, բայց երկարաժամկետ հեռանկարում այն ունենալու է քայքայիչ նշանակություն ՆԱՏՕ-ի համար. դա անկասկած է:
Ըստ այդմ՝ Արցախում Թուրքիայի սանձազերծած պատերազմը ըստ էության քայքայիչ է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի համար, եթե անգամ չի արտացոլվում անմիջապես դրա անդամներին ուղղված արկերի կամ բեկորների տեսքով: Ընդ որում, Թուրքիային այդ գործում իհարկե աջակցելու են նրանք, ում համար ՆԱՏՕ-ի վարկանիշային, հեղինակության քայքայումը ևս ռազմավարական նպատակ է:





































