ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել երկրների կառավարություններին անհապաղ ազատ արձակել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար բերման ենթարկված լրագրողներին: Այս մասին հաղորդել է Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում կառավարություններին անհապաղ ազատ արձակել իրենց աշխատանքը կատարելու համար կալանավորված լրագրողներին», – ասել է Դյուժարիկը:
Ինչպես հաղորդվել է, մարտի սկզբից 47 երկրում 366 լրագրող է մահացել կորոնավիրուսից, և հունվարի սկզբից մինչև այժմ 54 լրագրող է սպանվել տարբեր հանգամանքներում:
Միևնույն ժամանակ, հուլիս-օգոստոս ամիսներին լրագրողների շրջանում COVID-19-ից մահացությունների թիվը կրկնապատկվել է: Վարակի զոհերի մեծ մասը եղել են Պերուում (82 մարդ), Էկվադորում (40 մարդ), Հնդկաստանում (36 մարդ) և Բանգլադեշում (31 մարդ): Ռուսաստանում ԶԼՄ-ների հինգ աշխատակից է մահացել կորոնավիրուսից: