Այս տարվա առաջին կիսամյակում հանքարդյունաբերության, մասնավորապես պղնձի հանքաքարի նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ապահոված 34.7%-ով ավելի շահույթը զուտ միջազգային շուկայի գների բարձրացման արդյունքում է տեղի ունեցել, քանի որ քանակական առումով արձանագրվել է 4.6% անկում:
«Ամբողջ աշխարհում հումքային ռեսուրսների վրա հիմնված տնտեսությունները կախված են միջազգային գներից, ինչպես օրինակ Ռուսաստանը՝ նավթի գներից»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Նրա գնահատմամբ՝ քանակի առումով ավելացում չեն կարող անել, քանի որ, ամենայն հավանակությամբ, հանքարդյունահանողների հզորությունն է այդքան, և զուտ տեխնիկապես հնարավորություն չունեն ավելացնելու: Վ.Խաչատրյանի խոսքով՝ հանքի շահագործման ծավալներն ավելացնելու համար ներդրումներ են պետք:












































