Հանրահավաք անցկացնելու հնարավորություն ունեն բոլորը Հայաստանի Հանրապետությունում, և գլխավոր խնդիրն այն է, որ այդ հանրահավաքները չկազմակերպվեն բռնի եղանակներով մարդկանց հրապարակներ բերելու միջոցով: Այս մասին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս կրկին քննադատելով իշխանության ոլորտային քաղաքականությունը, հայտարարեց, որ մտադիր են մեծ հանրահավաքներ կազմակերպել:
«Բռնի ասելով նկատի ունեմ, օրինակ, իր գործարանի աշխատողներին աշխատանքից ազատելու սպառնալիքի միջոցով, իր ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցներով մարդկանց ստիպողաբար հանրահավաքների բերելու միջոցով:: Եթե այդ մեթոդներով չի կազմակերպված հանրահավաքը, ապա միանշանակ ողջունում ենք ցանկացած քաղաքացիական շարժու, որն ուղղված կլինի մեր պետության զարգացմանը: Սակայն Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն այդ մարդկանց և քաղաքական ուժերի շարքում միանշանակ չեն մտնում»,-ընդգծեց պատգամավորը:









































