«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը:
– Պրն Մինասյան, Հայաստանի արտաքին պարտքն արդեն ՀՆԱ-ի 43%-ն է կազմում: Ինչպե՞ս կգնահատեք նեգրավված միջոցների արդյունավետությունը:
– Յուրաքանչյուր երկրի համար արտաքին պարտքը կարևոր տնտեսական գործիքներից է, սակայն դրա կառավարումը ոչ միայն պահանջում է ճշգրիտ հաշվարկ, ինչը նշանակում է, որ ՀՆԱ հարաբերակցությամբ արտաքին պարտքը պետք է լինի ընդունելի մակարդակի, այլ նաև ենթադրում է, որ պետք է պետության վճարունակությունն ապահովվի: Բայց այս երկու խնդիրներն էլ, ՀՀ օրինակով դիտարկելիս, տեսնում ենք, որ եթե հարաբերակցությունը միջազգայնորեն ընդունելի սահմանում է, ապա կառավարման տեսակետից բավական ցածր մակարդակի վրա է գտնվում: Մասնավորապես, արտաքին պարտքի ներգրավման հիմնական քաղաքականությունը կառուցված էր այն մոտեցման վրա, որ տնտեսական, հատկապես ճգնաժամի, ազդեցությունը մեղմվեր, և վերականգնվեր կորցվածը: Սակայն այս ընթացքը ցույց տվեց, որ ոչ միայն արտաքին պարտքի կառավարումն արդյունավետ չի եղել, այլև երկրի տնտեսությունը շարունակում է գտնվել ճգնաժամային փուլում: Եվ բոլոր այն պնդումները, որ ժամանակային լագով պայմանավորված՝ մենք արտաքին պարտքի հաշվին կունենանք տնտեսության աճ, հօդս են ցնդում, որովհետև այդ արտաքին պարտքն արդյունավետորեն չի մտել տնտեսության մեջ, չի ներգրավվել տնտեսության, հատկապես արտադրողականության բարձր մակարդակ ունեցող ոլորտներ՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, կամ իրական հատվածի այլ տեղեր, նաև չափազանց բարձր տոկոսադրույքի պայմաններում բերում է նոր ավելորդ բեռ մեր քաղաքացիների և տնտեսության վրա: Սա նշանակում է, որ երբ սկսում ենք պարտքը փակել, ապա դա մի կողմից տնտեսապես արդարացված չէ իր ծանր լինելու պատճառով՝ բեռը բավական մեծ է, նաև՝ իր անարդյունավետության պատճառով: Եթե դիտարկում ենք արտահանումը և ՀՆԱ ցուցանիշը, տեսնում ենք, որ Հայաստանը, ի վերջո, այս պարտքի բեռի տակ բավական ճկռած վիճակում է հայտնվել: Եվ քանի որ արտահանումն այդպես էլ 3.5 անգամ զիջում է ներմուծմանը, մենք չենք ստեղծում այնպիսի արատարժութային ռեսուրս, որ կարողանանք նաև արտաքին պարտքի սպասարկումը կանոնավոր հիմունքներով իրացնել: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ ներգրավված միջոցների արդյունավետությունը չափազանց ցածր է: 100% բալային համակարգով անարդյունավետությունը 50%-ից բարձր է:
– Կառավարության ներկայացուցիչներն ասում են, թե 2012-2013 թթ. ամենածանրն են լինելու պարտքի սպասարկման տեսակետից: Ի՞նչ սպասենք այդ ժամանակաշրջանում:
– Իրականում այս քաղաքականությունը տանում է նրան, որ ոչ միայն 2012-2013 թթ., այլ նաև 2014-2016 թթ. լինելու են իսկապես ծանր և դժվար ժամանակներ արտաքին պարտքը սպասարկելու ուղղությամբ, և քանի որ այդ պարտքի ներգրավումը տնտեսության մեջ չի իրականացվում բավարար արդյունավետությամբ, նշանակում է, որ մենք հանդիպելու ենք բավական լուրջ խնդիրների: Այսպիսի կառավարման համակարգի դեպքում մենք և մեր զավակներն ունենալու ենք մեծ պարտքային բեռ: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն փոփոխություն մտցնել տնտեսական ողջ քաղաքականության մեջ, նոր ռազմավարություն որդեգրել, այլ նաև կոնկրետ անձանց պատասխանատվության կանչել:
– Կառավարությունը կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է անի իրավիճակը մեղմելու ուղղությամբ:
– Առաջին կարևոր քայլը. քանի որ արտաքին պարտքի մեջ ներկայումս գերակշիռ մասն արդեն դարձել են ոչ արտոնյալ պայմաններով տրված վարկերը, ապա դրանք հնարավորինս ցածր տոկսադրույքներով, այն տոկոսներով, որով ներգրավել են արտաքին աշխարհից՝ գումարած չնչին գործառնական ծախսերը, այդքանով առնվազն նրանք պետք է մղեն տնտեսության մեջ: Մինչդեռ այսօր վերցրած վարկային ռեսուրսները, օրինակ, միջին հաշվով 4 տոկոսադրույքով են ներգրավել, իսկ տնտեսությանը հասնում է 16-18 տոկոսադրույքով: Այսինքն՝ 4-5 անգամ տարբերությամբ: Պետք է վերացնել այս գերշահույթի ստացումը որոշ սուբյեկտների, հատկապես՝ առևտրային բանկերի կողմից: Այս վարկը պետք է ամբողջութամբ և շատ արագ մտնի տնտեսության մեջ, որպեսզի աշխատեցնի տնտեսությունը և ստեղծի այն արժեքը, որը կկարողանա փոխհատուցել պարտքի օգտագործման դիմաց թե՛ վճարումը, թե՛ մայր գումարի մարումները:
Երկրորդ կարևոր գործողությունը, որ ակնկալվում է կառավարությունից. վերջ տալ թանկ փողի քաղաքականությանը երկրի ներսում: Դա վերաբերում է թե՛ գանձապետական պարտատոմսերի համակարգին՝ որպես ներքին պարտքի կարևոր բաղկացուցիչ, թե՛ առևտրային բանկերի գերշահույթի ստացումը սահմանափակելուն ուղղված գործողություններին:
Երրորդ. պետական պարտքի ոլորտում կառավարման անընդհատ տեղեկատվություն ներկայացնել ու քաղաքացիներին որոշումների կայացման գործում ներգրավել, և առայժմ դադարեցնել նոր պետական պարտքի ձևավորումը, հատկապես խոսքը արտաքին պետական պարտքի ներգրավման մասին է, և վերանայել պետական պարտքի արտարժութային կազմը:
– Ձեր տեղեկություններով, ներգրավված վարկային միջոցներից որքա՞ն ազատ միջոցներ դեռ կան:
– Ներգրավված վարկային ռեսուրսների, հատկապես վերջին 1-1.5 տարում ներգրավվածի, նույնիսկ 15-20%-ը տնտեսության մեջ չի մտել: Դրանք կամ առևտրային բանկերում ձևավորված պորտֆելներ են մնացել՝ տարբեր պետական պարտատոմսերում ներդրումների տեսքով, կամ ոչ իրական տնտեսական հատվածում ներդրումների տեսքով, կամ գտնվում են կառավարության արտարժութային հաշիվներում, կամ ԿԲ-ի՝ ԱՄՆ-ում ունեցած ռեզերվային հատվածում՝ որպես որոշակի ռեզերվ արտարժութային կուրսը պահելու համար: Դա նշանակում է, որ միջոցները պարզապես անարդյունավետ են օգտագործվում:
– Վերջերս ՀՀ կառավարությունն ընդունեց Պետական պարտքի կառավարման 2012-2014 թթ. ծրագիրը: Ինչպե՞ս կգնահատեք այն:
– Ներկա կառավարության տնտեսական քաղաքականությունն արտացոլվում է պետական պարտքի քաղաքականության մեջ, իսկ այդպիսի քաղաքականությունը ես գնահատում եմ որպես ապաշնորհ քաղաքականություն և միայն ընթացիկ իրավիճակի լուծմանն ուղղված մոտեցում: Չկա ռազմավարական ընկալում, ռազմավարական մտածողություն, հեռանկարային զարգացման ծրագիր: Դա բխում է թե՛ կառավարության պետական պարտքի կառավարման ռազմավարությունից, թե՛ նրա կողմից իրականացվող միջինժամկետ ծախսային ծրագրային քաղաքականությունից: Սրանք բոլորը փոխկապված են, և կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը նպատակ է հետապնդում իրավիճակային արձանագրումներ իրականացնել, ՀՀ տնտեսությունն ինչքան հնարավոր է՝ շատ կապել արտաքին աշխարհի հետ, իսկ դա նշանակում է խրախուսել ներմուծումային տնտեսությունը և չիրականացնել մրցունակ տնտեսությանը բնորոշ արտաքին տնտեսական քաղաքականություն:
– Որոշ տնտեսագետների կարծիքով, հին վարկերը սպասարկելու համար կառավարությունը ստիպված է լինելու նոր վարկ վերցնել: Դա նշանակում է պատքի բեռը հասցնել 50%-ի կամ նույնիսկ անցնել այն: Ձեր կարծիքով, կառավարությունը կգնա՞ այդ քայլին:
– Այս պահին դժվար է գնահատել, թե որքան է պարտքային բեռը ՀՆԱ համեմատ, որովհետև տոկոսադրույքի ամեն մի չնչին փոփոխություն կարող է Հայաստանը դարձնել 50%-ից ավելի բեռ ունեցող արտաքին պարտքով երկիր, իսկ դա նշանակում է, որ արդեն դեղին լույսը վառվում է ՀՀ համար: Գիտեք, որ 50-60% դեղին լույսի շրջանն է, իսկ 60%-ից հետո արդեն կարմիր լույսն է, երբ Հայաստանին արգելելու են վարկեր վերցնել, որովհետև տնտեսական զարգացումներով նա չի կարողանում ապահովել այդպիսի վարկերի մարումը և, ըստ էության, կարող է հանդիսանալ ներդրումային տեսակետից ռիսկային և անհուսալի երկիր: Հետևաբար, խնդիր է առաջանում՝ նախկինում վերցված պարտքերը ինչպե՞ս պետք է մարեն: Իհարկե, կարող են նաև այդ քաղաքականությունը որդեգրել՝ նոր պարտքեր վերցնեն նախկինները մարելու համար: Բայց սա կնմանվի ավելի շատ բուրգի մեթոդին, և եթե վարկերի արդյունավետ տեղաբաշխում չիրականացվի տնտեսության մեջ, սա կբերի նրան, որ անընդհատ վարկ վարկի ետևից վերցնելով՝ բեռը ձնագնդիկի նման կմեծանա, ու մի օր կփակվի ամբողջ պետականության ճանապարհը: Հետևաբար, ես խորհուրդ կտամ գնալ ոչ թե արտաքին պարտքի ներգրավման և դրա հաշվին նախկին վարկերը մարելու ճանապարհով, այլ խթանել տնտեսության մեջ մրցակցային հատվածները, այնտեղ, որտեղ հնարավոր է ներդրումներ կատարել՝ իջեցնելով պետական ներքին պարտքի տոկոսադրույքը, խրախուսել, որպեսզի մասնավոր ներդրումներ մտնեն տնտեսություն, որպեսզի հնարավոր լինի արտաքին պարտքը մարել հարկային մուտքերի և պետության տնտեսական քաղաքականության հաշվին: Եվ վերջապես, մեկ այլ կարևոր ուղղություն՝ պետությունն ինքը պետք է առանձին ոլորտներում տնտեսական ուղղակի քաղաքականություն իրականացնելու, տնտեսական գործունեություն ծավալելու իրավասությունը, որոնք կարող են հավելյալ եկամուտներ ապահովել պետական բյուջե, և դրա հաշվին նաև արտաքին պարտքի մարումներ:
– «Պետք է արվի» արտահայտությունը նաև վարչապետն է շատ օգտագործում: Թեզերից գործի անցում տեսնո՞ւմ եք:







































