Ալյասկայի ափերի մոտ ռուսական սուզանավ է հայտնվել: Այս մասին ասվում է ԱՄՆ զինված ուժերի Հյուսիսային հրամանատարության տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:
Հայտարարության մեջ նշվում է, որ Հյուսիսային Ամերիկայի Օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը և ԱՄՆ Օդուժի Հյուսիսային հրամանատարությունն ուշադիր հետևում են «ռուսական սուզանավին, որն այսօր ջրի երես է դուրս եկել Ալյասկայի մերձակայքում»:
«Մենք ուշադիր հետևում ենք հետաքրքրություն ներկայացնող նավերին, այդ թվում՝ օտարերկրյա նավատորմերի նավերին, որոնք գտնվում են մեր պատասխանատվության գոտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պենտագոնից հայտնել են, որ սուզանավը գտնվում է միջազգային ջրերում՝ «ԱՄՆ տարածքային ջրերից զգալի հեռավորության վրա»:
ԱՄՆ զինված ուժերը նաև հայտարարել է, որ «Ռուսաստանի ռազմածովային նավատորմից կամ այդ տարածքում գտնվող այլ նավաստիներից օգնության խնդրանք չի եղել»: Սակայն նրանք նշել են, որ ԱՄՆ-ի զինվորականները «միշտ պատրաստ են օգնել նրանց, ովքեր դժվարին կացության մեջ են»:










































