Այսօր կառավարության նիստում համապատասխան որոշում է կայացվել նկարիչ Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» և «Գորգ են գործում» որմնանկարները վերականգնելու ու դրանք հետագայում Գյումրիում տեղադրելու մասին: Ըստ այդ որոշման՝ «Հայկական հովվերգությունը» վերականգնումից հետո կդրվի Գյումրու քաղաքապետարանի նորակառույց նիստերի դահլիճում, իսկ «Գորգ են գործում» որմնանկարը՝ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հուշարձանների ցուցակում ներառված շենքի սրահում:
Նկարիչ Նարեկ Ավետիսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում մեկնաբանելով կառավարության որոշումը, ասաց, որ վերոնշյալ որմնանկարները, ինչպես և ենթադրվում էր նախապես, պետք է մնան Գյումրիում, իսկ «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարները, որոնք տեղափոխվել են Երևան և գտնվում են վերականգնման փուլում, կմնան Երևանում՝ «Զվարթնոց» օդակայանում:
Նա տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերի սկզբին նախատեսվում է «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարների բացման պաշտոնական արարողությունը:











































