ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Միացյալ Նահանգներն առաջինն է կին տիեզերագնաց ուղարկելու Լուսնի վրա և առաջին ազգն է դառնալու, որն իր դրոշը կբարձրացնի Մարսի վրա։
«Մենք ամերիկյան առաջնության նոր դարաշրջան կսկսենք տիեզերքում, Ամերիկան առաջին կինը կուղարկի Լուսնի վրա, իսկ ԱՄՆ-ն առաջին ազգը կդառնա, որն իր դրոշը կբարձրացնի Մարսի վրա»,-ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության համագումարում: Թրամփի վարչակազմը հայտարարել է լուսնային ծրագրի վերսկսման մասին, որն ստացել է Artemis անվանումը:
Դրա շրջանակներում պլանավորվում է մարդու վերադարձ և մշտական ներկայություն Լուսնի վրա, ինչը կդառնա Մարսի վրա օդաչուավոր առաքելություններ տանող ճանապարհի փուլը:
Նոր լուսնային ծրագրի շրջանակներում NASA-ն մշակում է Gateway շուրջլուսնային կայան ստեղծելու գաղափարը, որով ապագայում կսկսեն մարդու թռիչքներ իրականացվել Լուսնի մակերևույթի վրա և հակառակ ուղղությամբ: ԱՄՆ-ում բազմիցս ընդգծել են, որ NASA-ն ծրագիր Է իրականացնում առևտրային գործընկերների հետ փոխգործակցության հիման վրա, ինչպես նաև ակնկալում Է միջազգային փոխգործակցություն։








































