Բեռլինի «Շարիտե» կլինիկայի գերմանացի բժիշկները, որտեղ այժմ բուժում է ստանում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, հարցում են ուղարկել բուլղարացի բժիշկներին՝ նյութեր խնդրելով գործարար Եմելյան Գեբրևի բուժման վերաբերյալ, որը, ըստ բուլղարական կողմի վարկածի, թունավորվել էր «Նովիչոկով»:
Ըստ գերմանացի բժիշկների, Գեբրևի և Նավալնիի մոտ նկատված ախտանշանները նման են։
Ինչպես իր հրապարակման մեջ նշում է Der Spiegel-ը, Գեբրևին թունավորել էին 2015 թվականին։
Այդ ժամանակ Բուլղարիայի դատախազությունը հայտարարեց, որ դա արվել է ֆոսֆորօրգանական նյութով: Կատարվածի մեջ մեղադրվեցին երեք ռուսներ, որոնք, ըստ բուլղարական կողմի, ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ էին: Նշվում էր, որ Գեբրևին չեզոքացնելու պատճառ էր հանդիսացել նրա մասնակցությունը Վրաստանին և Ուկրաինային զենքի մատակարարմանը։
Թունավորումից անմիջապես հետո Գեբրևը բողոքել էր աչքի քորից, հետո կորցրել էր գիտակցությունը և որոշ ժամանակ կոմայի մեջ էր ընկել: Բժիշկներին հաջողվեց փրկել նրան, և երբ Գեբրևն իմացավ «Նովիչոկով» Սերգեյ Սկրիպալի թունավորման մասին, նա դատախազություն դիմեց՝ ախտանիշների նմանության պատճառով:





































