ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը, օգոստոսի 25-ին ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության համազգային համագումարում, հայտարարել է, որ չի սկսի քննադատել Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդներին, և դրա փոխարեն երկրին միավորման կոչ է արել։
«Ես չեմ ցանկանում վատնել թանկարժեք ժամանակը՝ հարձակվելու համար հակառակ կողմի վրա, որովհետև,. ինչպես տեսանք անցյալ շաբաթ (դեմոկրատների համագումարի ժամանակ – ծանոթ. խմբ.), նման խոսակացությունները սոսկ ծառայում են այն բանին, որ երկիրն էլ ավելի բաժանվի»,- նշել է նա:
Մելանյա Թրամփը նաև կոչ է արել դադարեցնելու բռնությունը ռասայական խտրականության դեմ բողոքների ժամանակ և դաժանությունը ոստիկանության կողմից:
«Դա ծանր ճշմարտություն է, որ մենք չենք կարող հպարտանալ մեր պատմության մի մասով (ստրկության և ռասայական խտրականության ժամանակներով – ծանոթ. խմբ.):Ես մարդկանց կոչ եմ անում կենտրոնանալու մեր ապագայի վրա՝ ըստ որում դասեր քաղելով մեր անցյալից: Մենք պետք է հիշենք, որ այսօր մենք բոլորս մի հանրակցություն ենք՝ բաղկացած բազմաթիվ ռասաներից, կրոններից և Էթնիկական խմբերից»,- ընդգծել է առաջին տիկինը:
«Ես մարդկանց կոչ եմ անում դադարեցնալու բռնությունը և կողոպուտները, որոնք կատարվում են արդարության վերականգնման պատրվակով»,- հավելել է նա: «Ավերելու փոխարեն եկեք խորհրդածենք մեր սխալների շորջը, եկեք հպարտ լինենք այն Էվոլյուցիայով, որը մենք անցել ենք, և նայենք ապագային: Եկեք ամեն օր հիշենք, որ մենք միասնական ժողովուրդ ենք»,- կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահի տիկինը: Առաջին տիկնոջ ելույթը դարձել է գլխավոր իրադարձությունը կուսակցական համագումարի երկրորդ օրվա համար: Այն տեղի է ունեցել Սպիտակ տան Վարդերի պարտեզում կենդանի լսարանի ներկայությամբ:









































