Սեպտեմբերին Հայաստանում նախատեսվում է բացել ֆրանսիական «Վատել» կրթական հաստատությունը, որը զբոսաշրջային ոլորտի մասնագետներ կպատրաստի: Ինչպես այսօր «Վատել» խմբի շնորհանդեսի ժամանակ հայտնեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, օրերս այս մասին համաձայնագիր է ստորագրվել Լիոնում:
Վատելն աշխարհում լավագույնը ճանաչված հյուրանոցային, ռեստորանային և տուրիստական բիզնեսի կառավարման դպրոց է: Այն գործում է աշխարհի 26 երկրներում, իսկ 27-րդը և միակը տարածաշրջանում բացվելու է այստեղ (ի դեպ, Վատել անունով կոչել են Լյուդովիկոս 16-րդին՝ հյուրընկալության համար):
«Սկիզբ ենք դնում տուրիզմի կադրերի պատրաստմանը, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին: Հայաստանը հրաշք երկիր է, բայց եթե չունենք կադրեր, չենք կարող շատ զբոսաշրջիկներ ակնկալել»,- նշեց Ռ.Մինասյանը:
Նա գտնում է, որ զբոսաշրջության ոլորտի զարգացմանը պետք է աջակցի նաև մասնավոր հատվածը: Ըստ Ռ.Մինասյանի՝ ներքին տուրիզմը կարող է ապահովել երկրի ՀՆԱ-ի 35-40% շահույթը, մինչդեռ մեզ մոտ կազմակերպված է ներգնա տուրիզմի ընդամենը 15-20%-ը, իսկ մեր զբոսաշրջիկները հարստացնում են հարևան երկիրը:
Կրթական հատատությունը գործելու է Տուրիզմի հայկական ինստիտուտի շենքում: Ի սկզբանե նախատեսվում է 15 ուսանողի ընդունելություն ոչ միայն Հայաստանից, այլև տարածաշրջանից: Ուսանողներից յուրաքանչյուրին մեկ կիսամյակ հնարավորություն է տրվելու սովորել Եվրոպայում գտնվող Վատելի ցանկացած այլ հաստատությունում: Դասերը հիմնականում անցկացվելու են անգլերեն և ֆրանսերեն լեզուներով:










































