«Առաջին լրատվական»-ը շարունակում է Անկախության հռչակագրի 30-ամյակին նվիրված հաղորդումների շարքը և այս անգամ հյուրընկալել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ավետ Գրիգորյանին:
Մեր զրուցակցի խոսքով՝ իրեն Գերագույն խորհուրդ էր տարել Շարժումը. «Եվ այն արժեքները, որոնց դավանեց Գերագույն խորհուրդը, մնայուն էին՝ անկախ ամեն ինչից, նույնիսկ անկախ պատերազմից: Այդ արժեքներն այնքան մնայուն էին, որ այլևս ոչինչ չի կարող փոխել դրանք: Հետագայում խորհրդարանի դերը մնաց թղթի վրա և շատ հաճախ ավելի շատ վերածվեց դակիչների հավաքածուի»:
Խոսելով հետագայում տեղի ունեցած ընտրակեղծիքների մասին՝ Ավետ Գրիգորյանն ընդգծեց. «Շատ երկար ժամանակ մեր հասարակությունը ինչ-որ բաների համար պիտի ամաչի:
Ընտրակաշառքը չի նշանակում միայն բաժանել, նշանակում է նաև վերցնել»:
«Ես համոզված եմ, որ երբեք այլևս մեր ժողովուրդը չի համաձայնի որևէ պարագայում իր պետությունը դարձնել ոչ անկախ: Ով ուզում է լինի իշխանության՝ ժողովուրդը նրանց թույլ չի տա, որ մենք գնանք անկախության կորստի: Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը այդ արժեքը արդեն սեփականացրել է»,- շեշտեց ԳԽ նախկին պատգամավորը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:







































