Հուլիսի 31-ին կայացած ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ կայացված ընտրություններից գրեթե բոլորի մասով արդեն իսկ վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել։
Հիշեցնենք, որ ժողովի օրակարգում 5 ընտրության անցկացում էր։ Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամների ընտրությունը:
Հիշեցնենք նաև, որ ընտրությունից հետո՝ օգոստոսի 14-ին, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանի դիմումի համաձայն, հաշվիչ հանձնաժողովն իրականացրել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի քվեարկության արդյունքների վերահաշվարկ, քանի որ ընտրությունից հետո տեղի ունեցած հաշվարկից հետո քվեատուփում 10-ից ավելի քվեաթերթիկ էր հայտնաբերվել։
Մենք արդեն անդրադարձել ենք նաև Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների անդամների ընտրության վերահաշվարկին, արձանագրված խնդիրներին։ Այս դեպքում էլ վերահաշվարկ էր պահանջել թեկնածուներից Արտաշես Խալաթյանը, ով պատրաստվում է դիմել վարչական դատարան, որպեսզի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչվեն։
Տեղեկացանք, որ վերահաշվարկի դիմում է ներկայացրել նաև Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու Արման Կուրեխյանը, ով հուլիսի 31-ին Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել էր որպես ՍԴ դատավորի թեկնածու: Նրա մրցակիցը Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն էր։ Դատավորների ընդհանուր ժողովում քվեարկությանը մասնակցել էր 194 դատավոր, Արման Կուրեխյանը ստացել էր 38 ձայն: Կուրեխյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ վերահաշվարկի դիմում ներկայացրել է ելնելով նրանից, որ ընտրությունից հետո որոշակի հանգամանքներ են պարզվել՝ կապված մասնակիցների թվի հետ և այլ հանգամանքների, որոնք կասկածներ են հարուցել: «Ես կարծում եմ՝ դրանք ողջամիտ կասկածներ են։ Սպասենք վերահաշվարկին, և դրանից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Կուրեխյանը՝ հրաժարվելով գնահատական տալ այն փաստին, որ դատավորների մասնակցությամբ քվեարկություն է կեղծվում, ընտրությունը՝ լցոնվում: «Բերեք ես գնահատական չտամ»,- ասաց նա։
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն արդեն հայտարարել է, որ «խստագույնս դատապարտում է և հայտնում է իր խորը մտահոգությունը տեղի ունեցածի կապակցությամբ»: «Ասել եմ ու մնում եմ իմ համոզմունքին, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունը պետք է ունենա վստահության ամենաբարձր աստիճանը, և, ընդհանրապես, դատական իշխանության պարագայում ցանկացած ընտրական գործընթաց պետք է լինի ամենաօրինակելին և՛ լեգիտիմության, և՛ կազմակերպչական առումով: Ե՛վ ի պաշտոնե, և՛ որպես ՀՀ քաղաքացի՝ պահանջել եմ, որ տեղի ունեցածը շուտափույթ պարզաբանվի: Այն օր առաջ պետք է պարզ լինի նաև պահանջատեր հանրության համար՝ կասկածի տեղիք չտալով Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունը: Իսկ եթե կան մեղավորներ, նրանք խստորեն պիտի պատասխանատվության ենթարկվեն»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Վարդազարյանը։
Այս խնդրին բազմիցս անդրադարձած ու գործընթացը քննադատած փաստաբան Գևորգ Գյոզալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ընտրությունից 20 օր անց վերահաշվարկներ պահանջելու գործընթացը իր համար հասկանալի չէ։ Իրավական առումով ևս դրա հնարավորությունը չկա, քանի որ Դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կանոնակարգով վերահաշվարկ կարող են պահանջել թեկնածուները կամ դատավորներից որևէ մեկը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո։ «Բայց եթե ընդհանուր ժողովն արդեն փակում է իր աշխատանքները, արդեն իսկ հրապարակվում են եզրափակիչ ակտն ու արձանագրությունը, ապա դրանից հետո վերահաշվարկ պահանջելը, առնվազն իրենց գործունեության կանոնակարգով, նախատեսված չէ։ Իսկ երբ տարբեր թեկնածուների կողմից այս փուլում ներկայացվում են վերահաշվարկի դիմումներ, ապա դա անօրինական է, ու մի տեսակ քաոսային իրավիճակ է ստեղծվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյոզալյանը։
Փաստաբանի խոսքով՝ դատավորների մասնակցությամբ այս ընտրությունները, արդեն իսկ արձանագրված խախտումները խայտառակություն են, և դրա մասին առաջին հերթին պետք է խոսեն հենց դատավորները։ Եվ ոչ թե պետք է միայն խոսեն, այլև դատավորների ճնշող մեծամասնությունը պետք է պահանջի, որ կրկին հրավիրվի Դատավորների ընդհանուր ժողով, և կրկին այդ ընտրությունները անցկացվեն, բայց արդեն առանց խախտումների:
«Բայց եթե դատավորները լուռ են, որևէ մեկը չի խոսում, մի բան էլ նոր ընդհանուր ժողով չեն պահանջում, ապա դա արդեն դառնում է հասարակության խնդիր։ Եվ իմ պատկերացմամբ՝ ստեղծված իրավիճակի միակ լուծումը կրկին ընդհանուր ժողով հրավիրելն է։ Դրան այլընտրանք չկա։ Ինչքան իրենք փորձեն վերահաշվարկներ պահանջել, այնքան իրենք խորացնելու են իրենց անօրինականության փոսը, ու վերջում այդ անօրինականության փոսը կուլ է տալու նրանցից շատ շատերին։ Նրանք հիմա իրենց խայտառակ գործողությունները արդարացնել փորձելով՝ շատ ավելի մեծ անօրինականություններ են իրականացնելու։ Ես արդեն ոչ թե վերահաշվարկի, այլ դատարան դիմելու խնդիր եմ տեսնում։ Դատարանի միջոցով պետք է այս խնդրին լուծում տրվի, եթե դատական իշխանությունը շահագրգռված չէ ընդհանուր ժողով անցկացնելու հարցում»,- եզրափակեց Գևորգ Գյոզալյանը։






































