ԿԺԴՀ իշխանությունները ստիպում են հանձնել տնային շներին, քանի որ դրանք կապիտալիզմի խորհրդանիշ են հանդիսանում, հաղորդում է Daily Mail-ը:
Հուլիսին ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ այսուհետ շուն պահելն օրենքի խախտում է և տնային շներին «բուրժուական գաղափարախոսության փչացած թրենդ» է անվանել:
Կենդանիների սեփականատերերը վախենում են, որ իրենց շները կօգտագործվեն երկրում սննդամթերքի անբավարարության խնդրի լուծման համար:
ԿԺԴՀ-ի աղբյուրներից մեկը հարավկորեական «Չոսոն իլբո» պարբերականին հայտնել է, որ տնային շներին բռնի տանում են և քնեցնում, որոշներին տեղափոխում են պետական կենդանաբանական այգիներ կամ վաճառվում են շների մսով ուտեստներ առաջարկող ռեստորաններին: Պարբերականի տվյալներով, արգելքն անակնկալ է եղել Փհենյանի միջին խավի ներկայացուցիչներից շատերի համար:
Հարավային Կորեայում շան միս արդեն գրեթե չեն օգտագործում, բայց ԿԺԴՀ-ում այն շարունակում է պահանջարկ ունենալ:
ՄԱԿ-ի տվյալներով, Հյուսիսային Կորեայի բնակչության մինչև 60%-ը բախվում է սննդամթերքի անբավարարության խնդրին, որը սրվել է միջազգային պատժամիջոցների պատճառով: Իրավիճակն ավելի է բարդացել կորոնավիրուսի պատճառով Չինաստանի հետ սահմանի փակվելուց հետո:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ երկիրը չի ընդունի որևէ արտաքին օգնություն և կպայքարի ինքնուրույն:











































