Հայաստանի կառավարությունը կայացրեց արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին որոշում: Կառավարությունը, սակայն, վերջին անգամ երկարաձգելով արտակարգ դրությունը՝ հանեց դրա ընթացքում հավաքներ, ցույցեր, գործադուլներ անելու արգելքը:
Այսպիսով, քաղաքական ուժերը, քաղաքացիները կարող են անել տարբեր ակցիաներ, բայց որոշակի կանոնի շրջանակում՝ կրել դիմակ և պահպանել 1,5 մետր հեռավորություն: Այժմ ընդդիմադիրների այն փաստարկը, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է ընդամենը քաղաքական արգելքները պահելու համար, հանված է: Այդ ուժերը կարող են իրականացնել զանգվածային բողոքի ակցիաներ:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ այդ որոշումը որևէ դերակատարում չի ունենա քաղաքական պրոցեսների վրա: «Նրանք, ովքեր փողոցային ակցիաներ էին անում, փողոցներ էին փակում, այլ կերպ ընդդիմանում էին, դա անում էին նաև արգելանքի ժամանակ։ Հիմա ևս կան որոշակի նախապայմաններ՝ դիմակ, 1.5 մետր, ուստի եթե ոստիկանությունն ուզենա, իսկ ոստիկանությունը դրա խնդիրը չունի, քանի նախկին ռեժիմի աշակերտներ են, դա կանեն։ Ուստի ես կարծում եմ, որ այդ որոշումը քաղաքական դաշտում որևէ փոփոխություն չի առաջացնի։ Միայն դուրս կգա շահարկման գործընթացը, թե իշխանություններն արտակարգ դրություն են սահմանում հանրահավաքներն արգելելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Պետրոս Մակեյանի դիտարկմամբ՝ քաղաքական դաշտում, ընդհանուր առմամբ, շատ վտանգավոր իրավիճակ է: «Բայց ցավում եմ, որ իմ երբեմնի գործընկերը իր հեղափոխական կեցվածքից դուրս է եկել, Մարտի մեկով անցած մարդը Լուկաշենկոյին է շնորհավորում։ Դա որևէ բացատրություն չունի, ինչ հիմնավորում էլ ներկայացնեն, ես դա չեմ ընկալի։ Նաև՝ «Սասնա ծռերի» հետ կապված, այսպես կոչված, նախկին բանդայի ներկայացուցիչ դատախազության ներկայացրած պատժաչափերը։ Փաստորեն հիմա էլ դատախազությունը պաշտպանում է նոր իշխանության այս խմբակին։ Դե թող նույն այդ հոդվածները դնեն Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի այլ անդամների վրա, մեզ վրա։ Բոլորս աջակցում էինք «Սասնա ծռերին»՝ ես, Նիկոլը, Սասունը Խորենացի փողոցում էինք… Սա կա՛մ վրեժ է, կա՛մ ընտրովի արդարադատություն, որն անհետևանք մնալ չի կարող։ Ես ասել եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանը հետևություններ չանի, ապա, ցավոք սրտի, լավ բան չեմ տեսնում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ փաստը, որ հավաքների ազատությունը վերադառնում է, մեր քաղաքական կյանքի կարևոր փոփոխության մասին է վկայում. «Կարծես թե վերջին 5-6 ամսվա ընթացքում քաղաքական կյանքը սառել էր, և կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են նաև հանրային մասնակցություն»։
Խոսելով «Սասնա ծռերի» հնարավոր գործողությունների մասին՝ Ղուկասյանն ասաց՝ տեղեկություններ չունի և կանխատեսումներ անել չի ցանկանում։
Մեր զրուցակիցը նաև չի կարծում, թե հնարավոր են արտահերթ ընտրություններ: «Ես չեմ կարծում, որ մեր երկրում կան բավարար նախադրյալներ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Ես այդ կարծիքին եղել եմ նախկինում ու շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ գործող կառավարությունը պետք է կարողանա պաշտոնավարել մինչև իր ժամկետի ավարտը։ Իր բոլոր դրական ու թույլ կողմերով հանդերձ՝ այս կառավարությունն ունի առաքելություն անցում կատարելու այն քրեական ռեժիմից, որը մենք ունեինք, և բարեփոխումների միջոցով ստեղծելու նոր քաղաքական միջավայր, որպեսզի հաջորդ ընտրությունների ընթացքում հայ ժողովուրդն իսկապես ունենա այնպիսի պայմաններ, որ կարողանա ձևավորել ժամանակակից քաղաքական համակարգ։ Այսօր մենք դեռևս այդպիսի պայմաններ չունենք, ու այս կառավարությունից է կախված՝ ապագայում կունենա՞նք, թե ՞ ոչ»,- եզրափակեց Ղուկասյանը։
Լուսանկարը՝ panorama.am-ի









































