Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտահայտվել է Վիլնյուսից մինչև Կիև մարդկային շղթա կազմելու մասին՝ փոխանցում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
Խոսքը ակցիաների մասին է, որ պատրաստում են Լիտվայում: Այնտեղ որոշել են շղթա կազմել Վիլնյուսի կենտրոնից մինչև Բելառուսի հետ սահմանի անցակետ: Ընդ որում, ակցիաներին պետք է մասնակցեն Լիտվայի գործող նախագահ Գիտանաս Նաուսեդան և նախկին նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Դրան հետևել է առաջարկություն, որպեսզի Բելառուսի բնակիչներն աջակցեն այդ ակցիային և շարունակեն շղթան իրենց տարածքով մինչև Ուկրաինայի հետ սահման, իսկ հետո արդեն ուկրաինացիները իրենց սահմանից մինչև Կիև:
«Նրանք ցանկանում են «լանցուգ» կազմել Վիլնյուսից մինչև Կիև: Այսինքն՝ ոչ անտարբերների շղթա: Քիչ են Մինսկի պողոտաներում ոչ անտարբերները՝ ծաղիկներով և շղթաներով»,- ասել է Լուկաշենկոն:
«Հանձնարարում եմ պաշտպանության նախարարությանը, ՆԳՆ-ին և ՊԱԿ-ին, ինչպես նաև գլխավոր դատախազին գնահատական տալ, խստիվ թույլ չտալ նմանատիպ գործողություններ»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Նա հիշեցրել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձ է արվել ստեղծել Բալտո-Սևծովյան տարածաշրջան երեք մերձբալթյան պետություններից, Բելառուսից և Ուկրաինայից՝ որպես Արևմուտքի և Ռուսաստանի միջև սանիտարական գոտի: Լուկաշենկոն հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են փոխգործակցել:











































