Արցախը Լիբանանի մեր հայրենակիցներին սպասում է գրկաբաց, աշխատանքի ու օթևանի հարցը պետությունը կլուծի, միայն թե լիբանանահայ հայրենադարձների դեպքում չկրկնվի սիրիահայերի խնդիրը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական- հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը ներկայացրեց այն ծրագրերն ու քայլերը, որոնք անում են լիբանանահայ հայրենադարձների խնդիրը լուծելու համար։
Օրեր առաջ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ խորհրդակցություն էր տեղի ունեցել, ձևավորվել է աշխատանքային խումբ, որը Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական օգնություն ցուցաբերելու գործընթացը կազմակերպելու և համակարգելու նպատակ ունի։ Աշխատանքային խմբի ղեկավարը հենց Ռուդիկ Հյուսնունցն է։
«Նշեմ, որ նախագահի մոտ աշխատանքային խորհրդակցությունը կապված էր Արցախի ժողովրդի կողմից լիբանանահայերին օգնություն տրամադրելու հետ։ Քննարկվել են նաև հայրենադարձության կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցեր։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, շտաբ, որի ղեկավարը ես եմ։ Շտաբը սկսել է գործել, մենք հիմնականում իրազեկման աշխատանքներ ենք սկսել անել»,- ասաց մեր զրուցակիցը։
Ռուդիկ Հյուսնունցը տեղեկացրեց, որ սկսել են բոլոր գերատեսչություններին խնդրել ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացին։ Նշենք, որ Արցախում ևս դրամահավաք է կազմակերպվել։ Նախագահը արցախցիներին խնդրել էր ամեն մեկը թեկուզ մեկ դրամով իր ներդրումն ունենալ այս գործում։
«Ինչպես գիտեք, նախագահն էլ ակտիվ մասնակցում է։ Նա իր աշխատավարձը ամբողջությամբ նվիրաբերել է հատուկ լիբանանահայերի համար ստեղծված հաշվեհամարին։ Բոլոր տվյալները կան։ Հաշվեհամարներն էլ կան, հանգանակությունները սկսված են։ Մեկնարկը տրված է: Մենք շատ սերտ աշխատում ենք բոլոր գերատեսչությունների հետ, Երևանում մեր ներկայացուցչի և այլն։ Բոլորս սինխրոն աշխատում ենք իրար հետ»,- նշեց Հյուսնունցը։
Մեր զրուցակիցը մտահոգություն հայտնեց, որ լիբանանահայության հայրենադարձությունը չպետք է ձախողել, ինչպես եղավ սիրիահայերի դեպքում։ «Լիբանանահայերը հիմնականում մտավորական սերուցքն են։ Մենք գրեթե ձախողել ենք սիրիահայերի, Իրաքի հայերի հայրենադարձությունը։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր լիբանանահայերը հավուր պատշաճի տեղ գտնեն թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Նախագահ Հարությունյանը ասել էր, որ մենք պատրաստ ենք 100-150 ընտանիք ընդունել Արցախում, հետո նշեց, որ թեկուզ 1000 ընտանիք էլ գա, մենք պատրաստ ենք ընդունել։ Մենք պատրաստ ենք ամեն ինչով աջակցել, ապաստան տալ, աշխատանքով ապահովել, ինտեգրվել։ Լիբանանի մեր հայրենակիցները բժիշկներ են, բանկերի աշխատողներ, մասնագետներ, մտավորականներ, արհեստագործներ, շինարարներ։ Մենք ամեն մեկին պատրաստ ենք աշխատանքով օգնելու, օթևանով ապահովելու»,- մանրամասնեց Արցախի նախագահի գլխավոր խորհրդականը, ապա ավելացրեց, որ իրենք Երևանում Արցախի ներկայացուցչությունում համապատասխան ինքնակենսագրականներ (անկետաներ) են հավաքում, հայրենադարձները լրացնում են իրենց տվյալները, որը հետագայում օգտագործվելու է աշխատանքի տեղավորման համար։
Հյուսնունցը նաև տեղեկացրեց, որ իրենք Արցախ տեղափոխվել ցանկացող հայրենակիցների բոլոր ծախսերը հոգալու են՝ Երևանից սկսած. «Մենք Երևանից սկսած հոգալու ենք մեր հայրենադարձների բոլոր ծախսերը՝ տեղափոխում, տեղավորում և այլն»։








































