Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության՝ հայկական «Ակոս», «Նոր Մարմարա», «Ժամանակ» թերթերին ցուցաբերվելիք ֆինանսական օժանդակությանը, ասաց, որ եվրոպական երկրներում առհասարակ ընդունված է մամուլին, հատկապես ազգային փոքրամասնությունների թերթերին աջակցություն ցուցաբերելը:
Նրա խոսքով, վերջիններս շուկայական այս դժվարին պայմաններում դժվար թե գոյատևեն առանց օժանդակության, սակայն այլ հարց է, որ թուրքական իշխանությունները կարող են այդ օգնությունը ցուցաբերել՝ հետագայում թերթերի որակի վրա ազդեցություն ունենալու նպատակով:
«Եթե քաղաքական նկատառումներով է անում՝ այլ հարց է: Թուրքիան Եվրոպայի առջև ուզում է շատ ավելի ժողովրդավար երևալ»,- նշեց Ա.Մելիքյանը՝ նշելով, որ այս առումով մեզանում առաջընթաց կա, քանի որ պետությունը ֆինանսավորում է ազգային փոքրամասնությունների ու մարզային մամուլը: «Սակայն տեղ է մնում նաև սուբյեկտիվիզմի համար: Այս առումով դեռ չափանիշները պետք է շտկել»,- վերջում ավելացրեց նա:












































