Ինչպես հայտնի է դարձել Ամերիկայի Հայ դատի գրասենյակի պաշտոնական կայքից, ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սենատոր Ռոբերտ Մենենդեսի պահանջով հետաձգել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջոն Հեֆֆերնի նշանակման հարցը:
Այս առնչությամբ «Առաջին լրատվականը» մեկնաբանություններ փորձեց ստանալ Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանից: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Ջոն Հեֆֆերնի նշանակման հարցը չի առկախվել:
«Ընդամենը 1-2 աշխատանքային օրով հետաձգվել է»,- ասաց Կ.Մանոյանը՝ նշելով, որ սենատոր Մենենդեսը ցանկացել է հետաձգել նշանակման հարցը և ոչ թե կանխել վավերացումը:
«Ենթադրում եմ, որ նա պատասխանների է սպասում»,- ավելացրեց նա՝ ընդգծելով, որ խոսքն ընդամենը մի քանի օրվա մասին է:
Հիշեցնենք, որ Հեֆֆերնի լսումներից հետո սենատորներն իրավունք ունեն գրավոր հարցեր ուղղել նրան: