Business-Грузия-ի փոխանցմամբ՝ առաջին անգամ Վրաստանի արտահանումը գերազանցել է 1 միլիարդ դոլարի սահմանագիծը։ Այս մասին այսօր տեղի ունեցած կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին՝ ամփոփելով 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։
Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերներն են ԵՄ-ը, Ուկրաինան, Թուրքիան ու Ադրբեջանը։ Արտահանման շուկաներից Գիլաուրին կարևորել է Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքիան։ Արտահանման մեջ գլխավոր դերը՝ 23 տոկոս, բաժին է ընկնում ավտոմեքենաների վերաարտահանմանը։
Այս տարվա առաջին 6 ամիսներին Վրաստանի ու Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 425 միլիոն դոլար, ինչը 136 միլիոնով ավելի է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Ընդ որում, վրացական արտահանումն աճել է 14 միլիոն դոլարով՝ գերազանցելով 60 միլիոն դոլարի սահմանագիծը, մինչդեռ Ուկրաինայից ներկրումն աճել է 122 միլիոն դոլարով՝ կազմելով 365 միլիոն դոլար։
Այս տարվա առաջին կիսամյակին Վրաստանի ու նրա գլխավոր առևտրային գործընկեր Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 671 միլիոն դոլար (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 175 միլիոն դոլարով ավելի)։ Ընդ որում, Վրաստանի արտահանումը նվազել է 2 միլիոն դոլարով (115 միլիոն դոլար), իսկ արտահանումն աճել է 177 միլիոն դոլարով (556 միլիոն դոլար)։
Վրաստանի և նրա երկրորդ խոշոր առևտրային գործընկեր Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 442 միլիոն դոլար (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 131 միլիոն դոլարով ավելի)։ Վրացական արտահանումն աճել է 53 միլիոն դոլարով (155 միլիոն դոլար), իսկ ներկրումը՝ 78 միլիոն դոլարով (288 միլիոն դոլար)։
ԵՄ երկրների հետ արտաքին առևտրի ծավալը կազմել է 1031 միլիոն դոլար (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 31 տոկոսով ավելի)։ Արտահանումն աճել է 26 տոկոսով (172 միլիոն դոլար), իսկ ներկրումը՝ 32 տոկոսով (859 միլիոն դոլար)։
ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտրի ծավալն աճել է 47 տոկոսով՝ հասնելով 1419 միլիոն դոլարի։ Ընդ որում, արտահանումն աճել է 84 տոկոսով (502 միլիոն դոլար), իսկ ներկրումը՝ 33 տոկոսով (917 միլիոն դոլար)։
Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-հունիսին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 4117 միլիոն դոլար, ինչը 38 տոկոսով ավելի է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Ընդ որում, ներկրումն աճել է 36 տոկոսով (3079 միլիոն դոլար), իսկ արտահանումը՝ 44 տոկոսով (1037 միլիոն դոլար)։ Բացասական սալդոն կազմել է 2042 միլիոն դոլար։ Անմիջականորեն հունիսին արտահանումն աճել է 60 տոկոսով, ինչը ռեկորդային ցուցանիշ է։






































