ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադառնալով հուլիսի 24-ին Ջավախքում տեղի ունեցած Տերյանական օրեր միջոցառմանը, ասաց, որ տարօրինակ փաստ արձանագրվեց այդ մշակութային իրադարձության ժամանակ. «Վրաստանում բավական մեծ է ռուսատյացությունը, բայց պատկերացրեք, որ Ջավախքում անցկացվում է ռուսերենով Տերյանին նվիրված միջոցառում: Դա նշանակում է, որ վրացական իշխանությունների համար հայերենը շատ ավելի վտանգավոր ու թշնամական է, քան ռուսերենը»:
Պատգամավորի խոսքով ինքը ընդամենը ներկայացնելու էր այնտեղ իր տեսակետը Տերյան քաղաքական գործչի ու բանաստեղծի մասին: «Մեր ասածը չէր կարող ավելին լինել, քան պահանջում է օրենսդրությունը: Շատ վտանգավոր եմ համարում Վրաստանում հակահայկական ալիքի բարձրացումը»,- ասաց Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ Ջավախքը ոչ թե պետք է տարանջատի, այլ միավորի երկու երկրները: Նա վտանգավոր համարեց այն փաստը, որ ներկայումս Ջավախքում ընթանում է թուրքական կապիտալի մուտք, ինչը հետագայում կարող է խնդիրներ առաջացնել:
Ա.Մարտիրոսյանի համոզմամբ՝ Հայաստանի քաղաքական ուժերը Ջավախքը պետք է պահեն իրենց ուշադրության կենտրոնում և փորձեն բարձրացնել հայազգի ներկայացուցիչների իրավունքները:








































