Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է կորոնավիրուսի նկատմամբ առաջին հաղթանակի մասին: Միևնույն ժամանակ, համաճարակի դեմ պայքարը դեռ չի ավարտվել, շեշտել է նա, հաղորդում է Reuters-ը:
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով, երկրում սահմանափակումների չեղարկման նոր փուլ է սկսվում: Այսպիսով, երկուշաբթի, հունիսի 15-ից, ամբողջ մայրցամաքային Ֆրանսիան կանցնի կորոնավիրուսային ռիսկերի «կանաչ գոտի»: Բացի այդ, մայրաքաղաքային տարածաշրջանում կբացվեն ռեստորանները: Այդ օրվանից Ֆրանսիայի քաղաքացիները կկարողանան ազատորեն ճանապարհորդել ԵՄ երկրներով, իսկ հուլիսի 1-ից կարող են մեկնել նորմալ համաճարակաբանական իրավիճակ ունեցող այլ երկրներ:
Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը ֆրանսիացիների ուշադրությունը հրավիրել է «վիրուսի հետ ապրել սովորելու» և բոլոր նախազգուշական միջոցները, մասնավորապես՝ սոցիալական հեռավորությունը պահպանելու անհրաժեշտությանը:
Սակայն երկրում խիստ վերահսկողության տակ կմնան հանրահավաքները: Մակրոնը նշել է, որ պետք է նախապատրաստվել համաճարակի նոր ալիքի:







































