Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ա. Գրիգորյանի նախագահությամբ քննվում է Վյաչեսլավ Հարությունովի գործը: Գործը նախապես մակագրված էր դատավոր Գագիկ Պողոսյանին, այնուհետև վերամակագրվել է Վարդան Ա. Գրիգորյանին, ում վարույթում գործը գտնվում է 2019 թվականի հոկտեմբերից:
Վյաչեսլավ Հարությունովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 338 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ մեկ այլ քրեական գործով հանդիսանալով տուժող, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, նախաքննության ու դատաքննության ընթացքում տվել է սուտ ցուցմունքներ: Հարությունովի խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է:
Ո՞ր քրեական գործով է Վյաչեսլավ Հարությունովը, ըստ մեղադրանքի՝ սուտ ցուցմունքներ տվել:
Գործը ժամանակին աղմուկ հանած գործերից է, ամբաստանյալի աթոռին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանն էր՝ Գագիկ Ծառուկյանի անվտանգության նախկին պատասխանատուն:
Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի հուլիսի 2-ին ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպի գործով: Վիճաբանության ժամանակ, ըստ մեղադրանքի, Բաբայանը բռնություն էր գործադրել աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Ն. Հարությունովի հոր՝ Վյաչեսլավ Հարությունովի նկատմամբ՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր մարմնական վնաս։
2018 թվականի հուլիսի 2-ին, ժամը 21-ն անց 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի շրջանում կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովը։
Ըստ մեղադրանքի՝ «Օլիմպավանում» Վ. Հարությունովը դժգոհել էր, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակրին, չեն ազատում զինվորական պարտադիր ծառայությունից։ Վեճ էր ծագել, որի ընթացքում Հարությունովը ծեծի էր ենթարկվել, նրա առողջությանը պատճառվել էր ծանր վնաս։
Տուժող Վ. Հարությունովը սկզբնական ցուցմունքում հայտնել էր, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց Վ. Հարությունովը հրաժարվել էր իր ցուցմունքից՝ասելով, որ սայթաքելու և ընկնելու արդյունքում է վնասվածքներ ստացել ու դեղերի ազդեցության տակ սխալ ցուցմունք էր տվել։
Գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում Հարությունովը պնդել էր, թե Բաբայանն ու մյուսներն իրեն ծեծի չեն ենթարկել։
Սկզբում, երբ տուժողը նշել էր, թե իրեն ծեծի են ենթարկել ու ծանր վնասվածքներ են պատճառել մի քանի հոգի, Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` խմբի կազմում տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։
2018 թվականի հուլիսին Քննչական կոմիտեն հայտարարել էր, թե գործն ուղարկել են ՀՔԾ, քանի որ «ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ»:
Բայց Հատուկ քննչական ծառայությունում կատարված քննության արդյունքում մեղադրանքը փոխվել էր, մեղադրանք էր առաջադրվել միայն Էդուարդ Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։
Բաբայանը 2018 թվականի օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից:
Քրեական գործով դատական քննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ սկսվել էր 2019 թվականի մարտի 21-ին:
Գործը քննվել է հիմնականում դռնփակ ընթացակարգով:
Ճիշտ է, Էդուարդ Բաբայանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, բայց գործի քննության արդյունքում դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ՝ 2019 թվականի հունիսի 4-ին Էդուարդ Բաբայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է պատժի կրումից։
Այս մեղադրական դատավճիռը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ, ինչից հետո գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել սուտ ցուցմունք տալու համար, քանի որ նա ի սկզբանե իրեն ծանր մարմնական վնասվածք պատճառելու մասին մեղադրող ցուցմունք էր տվել, ապա, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, նախաքննության հետագա ընթացքում իր մեղադրող ցուցմունքից հրաժարվել և տվել էր տրամագծորեն հակառակ ցուցմունքներ՝ պնդելով, որ ծանր վնասվածքներն իրեն չի պատճառել գործի քննության արդյունքում մեղավոր ճանաչված Էդուարդ Բաբայանը, և ընդհանրապես՝ ոչ ոք չի պատճառել, վնասվածքները ստացել է ընկնելու արդյունքում:
Գործի դատական քննության ընթացքում տուժողը, որը պետք է հանդես գար մեղադրանքի կողմում, փաստացի հանդես է եկել պաշտպանության կողմում, նա ամբողջ դատաքննության ընթացքում նույն դիրքորոշումն է պնդել՝ թե ամբաստանյալ Բաբայանը բռնություն չի գործադրել իր նկատմամբ, իսկ Ծառուկյանը իր ավագ եղբայրն է, նրա հետ որեւէ կոնֆլիկտ չի եղել:
Էդուարդ Բաբայանի նկատմամբ մեղադրական դատավճռի հրապարակումից երկու ամիս անց, երբ այդ դատական ակտը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ, Վյաչեսլավ Հարությունովին մեղադրանք է առաջադրվել սուտ ցուցմունք տալու համար:
Եվ հիմա Վյաչեսլավ Հարությունովը՝ նախկին գործով տուժողը, հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում:
Այս գործով առաջիկա դատական նիստը նշանակված է հունիսի 24-ին:









































